Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ավելի վաղ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին նույնանման բանաձև էր ընդունվել նաև խորհրդանի վերին պալատում՝ Սենատում։ Երկու դեպքում էլ որոշումները պարտադիր ուժ չունեն, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երկու դեպքում էլ կառավարությունը մերժեց խորհրդարանի կոչերը։

Ազգային ժողովում որոշմանը կողմ են քվեարկել 188 պատգամավոր, դեմ՝ 3-ը, ձեռնապահ՝ 16-ը։ Նիստին մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա իր ելույթում ասել է, թե չի պաշտպանում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջները, նշելով, որ դա չեն պահանջում նույնիսկ հայ բարեկամները։ Նախարարը նշել է, որ նման որոշումը հավասարազոր կլինի Ֆրանսիայի ինքնաբացարկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, որի շրջանակում Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը մասնակցում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Դա կնշանակի հրաժարվել միջնորդի մեր դերից, ընդգծել է Լը Դրիանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու բանաձևը ընդունվել էր ձայների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ Սոցիալիստ Օլիվիե Ֆորը Սենատի քննարկումներում ասել էր․ - «Մենք չենք հավատում Ռուսաստանի հովանու ներքո կրակի դադարեցման համաձայնությունից հետո կայուն կարգավորմանը»։ «Իրավիճակը, ցավոք, դատապարտված է մշտական վատթարացման», - նշել էր Ֆորը, ով մտադիր է դեկտեմբերի 6-9-ը այցելել Լեռնային Ղարաբաղ։

Երկու դեպքում էլ պաշտոնական Երևանը ողջունել է ընդունված բանաձևերը։ «Ֆրանսիայի խորհրդարանի թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության», - նշված է Հայաստանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունում։

Ղարաբաղյան խնդրի վերջնական ու արդարացի կարգավորման առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է․ - «Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»։

Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում ընդունված բանաձևերը առաջացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դժգոհությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվելու է նախարարություն, որտեղ նրան փոխանցվելու է վճռական բողոք Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևի կապակցությամբ։ Դեսպանը Թվիթերի իր էջում գրել է․ - «Կարծում եմ՝ մինչ այսօր բոլորի համար պարզ է դարձել․ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչում է իր խորհրդարանի անկախությունը, բայց չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG