Մատչելիության հղումներ

Ըստ New York Times-ի՝ Պուտինն Ալիևին վերջնագիր էր ներկայացրել կրակը դադարեցնելու համար


BBC-ի ռուսական ծառայությունը և New York Times-ն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին:

«Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց ղարաբաղյան պատերազմը, Ռուսաստանը երկար ժամանակ բավարարվում էր մտահոգություն հայտնելով ու կրակը դադարեցնելու կոչերով։ Նման չեզոք դիրքորոշմանը հակադրվում էր Թուրքիայի ակտիվ օգնությունը Ադրբեջանին ու 2016-ի կարճատև պատերազմի պատմությունը, երբ Ռուսաստանի միջամտության շնորհիվ 4 օր անց հնարավոր եղավ շուտափույթ դադարեցնել մարտական գործողությունները, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Երևան ու Բաքու։ Իսկ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի անգործությունը մեկնաբանությունների տեղիք տվեց, որ Մոսկվան ցանկանում է պատժել, կամ դաս տալ Նիկոլ Փաշինյանին, հասնել նրա հրաժարականին կամ գոնե փակել տալ ամերիկյան հասարակական կազմակերպությունների գրասենյակները Հայաստանում», - գրում է BBC-ի ռուսական ծառայությունը ու նման լուրերը համարում իրականությանը չհամապատասխանող, քանի որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը զենք մատակարարելով օգնել է Հայաստանին։

Դրա մասին են խոսում ռուսական ռազմական օդանավերի թռիչքների բաց տվյալները, ինչպես նաև դա հաստատել են Հայաստանի խորհրդարանում ու նախագահի աշխատակազմում BBC-ի աղբյուրները։ Պատերազմից հետո հայկական բանակի գեներալներից մեկն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է «նույնիսկ այն, ինչ մասին չեն էլ երազել»։ Գեներալը, ում անունը չի նշվում, սպառազինությունների կոնկրետ տեսակներ է նշել, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային պայքարի «Պոլե-21» համակարգեր, որոնց շնորհիվ 4 օր կարողացել են չեզոքացնել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք օդում գերիշխանություն էին ապահվում Ադրբեջանի համար։

Ըստ հոդվածի, Հայաստանի արտգործնախարարության աշխատակիցը հաստատել է, որ Ռուսաստանը տրամադրել է ծայրահեղ անհրաժեշտ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Դեռ պատերազմի ընթացքում Հայաստանի նախագահին մոտ կանգնած BBC-ի աղբյուրը ասել է, որ Ռուսաստանը ամբողջությամբ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները և առանձին քաղաքական գործիչներին պատժելու փորձերի մասին շահարկումները տեղին չեն։ «Մերոնք երբ խոսում են անվտանգության մասին, նկատի ունեն Ղարաբաղը, ռուսները հասկանում են Հայաստանը։ Սա ընկալման խնդիր է, մեզ թվում էր, թե ռուսները հասկանում են մեզ», - ասել է BBC-ի ռուսական ծառայության զրուցակիցը։

Վերջինիս խոսքերով՝ ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո 26 տարիների ընթացքում հայկական կողմը իրավական հիմք չի ստեղծել, որպեսզի Ռուսաստանը իր խնդիրը համարի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ղարաբաղի պաշտպանությունը նույնպես։ Վերջերս այդ մասին ասել է նաև Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Եթե դու սեփական պլան չունես, ապա ինչ-որ մեկ ուրիշը քո փոխեն այն կգրի», - ասել է Հայաստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

New York Times-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար Ադրբեջանի ու Հայաստանի միջև դաժան պատերազմը լուծվել է լարված հրադադարով, որն իրականացվում է Ռուսաստանի ծանր զինված զորքերի կողմից. «Կովկասյան լայն տարածաշրջանում երկարամյա սադրիչ Ռուսաստանի համար խաղաղապահի դերը նոր քննություն է և հնարավորություն պայքարելու իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածքներում պահպանելու համար»։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ ղարաբաղյան պատերազմում կրակը դադարեցնելու Պուտինի ռազմավարությունը իսկույն դիվիդետներ բերեց՝ «Կրեմլին ապահովելով ռազմական պլացդարմ ունենալ տարածաշրջանում, Հայաստանին ամուր զոդել Ռուսաստանի ազդեցության ուղեծրում, միաժամանակ առանց օտարելու Ադրբեջանին»:

Ըստ New York Times-ի հրադադար հաստատելուց առաջ ադրբեջանցիների կողմից ռուսական ուղղաթիռի պատահական խոցումը պոտենցիալ առիթ էր Մոսկվայի միջամտության համար։ Բաքվի մի շարք աղբյուրների վկայությամբ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևին վերջնագիր է ներկայացել, որ եթե Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, ապա Ռուսաստանը կմիջամտի։ Ըստ այդ աղբյուրների՝ նույն գիշերը Բաքվի բաց տարածքներից մեկում անհայտ մի հրթիռ է ընկել, առանց վնասներ պատճառելու։ Որոշ կասկածներ կան, որ դա Ռուսաստանի կողմից միջամտելու և մեծ վնասներ հասցնելու ազդանշան էր։ ժամեր անց Պուտինը հայտարարեց կրակը դադարեցնելու համաձայնության մասին, գրում է պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG