Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ Նախիջևանը միացնող միջանցքի գաղափարին: Սրա հետ մեկտեղ, Կրեմլի խոսնակն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկում են:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել, և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել գաղափարին։
Պեսկովն այսօր ասել է, թե Ալիևի կոնկրետ այս հայտարարությունը չի մեկնաբանի, սակայն հավելել է․ - «Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում նշել ենք, որ պետությունների ղեկավարները այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցերը»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է․ - «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։
Դատելով այս կետից գոնե, այդ նոր տրանսպորտային ուղին պետք է կառուցվի փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ Հայաստանը նույնպես պետք է համաձայն լինի։ Եվ խոսքը ոչ թե միջանցքի մասին է, ինչպես Լաչինի դեպքում, այլ տրանսպորտային նոր ուղիների մասին։
Պաշտոնական Մոսկվան այս հարցը փաստորեն չի բարձրաձայնում, ինչպես նաև դեռ չի հայտարարել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի շուրջ համաձայնության մանրամասները։ Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համատեղ կենտրոնի ստեղծման մասին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Դրանից առաջ տեխնիկական բանակցություններ են ընթացել։ Համաձայնագրի մանրամասները դեռ չի հաղորդում նաև թուրքական կողմը։ «Ավարտվել են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքի հիմքերին և սկզբունքներին վերաբերող տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, և ստորագրվել է համաձայնագիր։ Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում կենտրոնի շուտափույթ գործունեությունն սկսելու ուղղությամբ», - ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 9-ին ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Այն ենթադրում է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի և հարակից մի քանի շրջանների տարածքների զգալի մասը, ռուս խաղաղապահների մուտքը՝ իրավիճակը վերահսկելու համար։
Իսկ նոյեմբերի 11-ին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում՝ կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման մասին:
Վերը նշված եռակողմ հայտարարությունում, ի դեպ, որևէ բառ անգամ չկա ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին, իսկ պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղում լինելու են բացառապես ռուսաստանցի խաղաղապահներ։