Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն և այլ կուսակցություններ պահանջում են Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, «Իմ քայլից» արձագանքում են


17 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հանրապետական կուսակցությունը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Կուսակցությունների միասնական հայտարարությունում ասված է. «Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված»:

Հայտարարությունում նաև նշված է, որ այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց «իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը»:

Կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության «ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը», «իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը»:

Արձագանքելով տարածած հայտարարությունը, Ազգային ժողովի փոխնախագահ «Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանն ասաց՝ հայտարարությունն այս փուլում բացասական է գնահատում:

«Նախկին իշխանությունը ներկայացնող մերժված կուսակցությունների հայտարարությունն այս փուլում շատ բացասական եմ գնահատում: Դրա հետ կապված Վազգեն Սարգսյանն իր գնահատականը տվել է և ես չեմ ուզում որևիցե բան ավելացնել կամ այլ մեկնաբանություն տալ», - նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պատերազմի առաջին իսկ օրից Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները «լիարժեք, 100 տոկոսանոց աշխատում են միասին, որովհետև սա որևիցե մեկի համակրանքի կամ սիրո, կամ ատելության գործընթաց չէ»՝ հավելելով. - «Ենթադրում էի, որ փորձ ունեցող կուսակցությունները պետք է հասկանա, սա երկու երկրների համատեղ շահերին վերաբերող հարց է, և մեր երկրի ղեկավարները՝ Ռուսաստանի և Հայաստանի, մշտապես գտնվել ու գտնվում են կոնտակտի մեջ և միասնական գործում են»:

Ալեն Սիմոնյանը կուսակցություններին կոչ արեց վերաիմաստավորել այն գործողությունը, որը անում են «այն պարագայում, երբ որ մենք պատերազմում ենք անհավասար ուժերի դեմ, երբ որ մենք պատերազմում ենք Թուրքիայի դեմ և ամեն վայրկյանը վճռորոշ է»:

«Այդ բոլոր 17 կուսակցություները պետք է հիշեն մի պարզ, հասարակ բան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է և մենք գտնվում ենք պատերազմական իրադրության մեջ: Սա թող ֆիքսեն իրենց համար և գործեն ըստ իրավիճակի», - ասաց ԱԺ փոխնախագահը:

«Ազատության» հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է հիմա նման հայտարարություն արվում, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ես կարող եմ ասել, որ այսօր ես տեսա Իլհամ Ալիևի BBC-ին տված հարցազրույցը, որտեղ ինքն ասում է, որ Փաշինյանի օրոք ինքը դժվար է պատկերացնում հարցի լուծումը և դրան հետևեց նմանատիպ մի հայտարարություն: Շատ ցավում եմ ու նույնիսկ ինձ զսպում եմ ավելի կոշտ գնահատականներ չտալու համար»

Հայտարարությունը ստորագրել են «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք», «Մեկ Հայաստան» և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG