Մատչելիության հղումներ

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը


Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, այսօր հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։

Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների հետ վերադարձվեն:

Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էլ երեկ էր հայտարարել, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։ Այս սկզբունքի մասին Բաքուն խոսում էր՝ պատերազմից առաջ էլ, նրանք պատրաստ էին ադրբեջանում կողմում գտնվող մի քանի հայ գերիների՝ խաղաղ բնակիչներ, փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Հայկական կողմը համաձայն չէր սահմանը պատահմամբ հատած հայերին ու ծանր հանցագործներին նույն՝ հավասար հարթության մեջ դիտարկել։ Այժմ հայկական կողմը հայտարարում է բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառման մասին, արդյոք սա վերաբերվում է նաև այս պատերազմից առաջ գերեվարվածներին՝ առայժմ հստակ չէ։

Արցախի 44-օրյա պատերազմից հետո կան տվյալներ ադրբեջանական կողմում գտնվող 60 հայ ռազմագերիների մասին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝ նրանց մեծ մասի ինքնությունը պարզվել է համացանցում տարածվող տեսանյութերի ու հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա։

Խաղաղ բնակիչներ՝ շուրջ 12 հոգի գերեվարվել են համաձայնագրի ստորագրումից հետո՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։ Պատերազմից 23 օր է անց էլ՝ գերեվարված, անհետ կորած զինծառայողների ծնողները գերատեսչական տարբեր շենքերի առջև ցույցեր են անում, գերեվարված խաղաղ բնակիչների հարազատները Կարմիր խաչի դռների մոտ են՝ որևէ տեղեկության են սպասում իրենց հարազատի վերաբերյալ։

Ժաննա Ղազարյանի ամուսինը՝ 40-ամյա Դավիթ Իսահակյանը գերեվարվել է նոյեմբերի 11 -ին, Գիշի՝ սեփական տուն վերադարձող տարեց ամուսինների հետ։

«Երեկ չէ առաջին օրն եմ երեկոյան զանգ ստացել Կարմիր խաչի աշխատակցի կողմից՝ Ադրբեջանը հաստատել է, որ Դավիթ Իսահակյանը գտնվում է իրենց մոտ: Ես հարցրի՝ որ քաղաքում է, ինչ վիճակում է, ասացին՝ ողջ-առողջ է, բայց որ քաղաքում է և մյուս հարցերի պատասխանն ընթացիկ կարգավիճակում են գտնվում: Իրենց հաջորդ քայլերը պետք է արդեն լինի Դավիթին այցելելը: Հաղորդագրություն փոխանցեցի և պահանջեցի, որ իրենք էլ տեսաձայնագրման միջոցով, թե նամակի միջոցով, հնարավոր բոլոր միջոցներով ինձ Դավիթից տեղեկատվություն փոխանցեն», - ասաց Ժաննա Ղազարյանը:

Ավելի քան 50 հայ գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացուցիչն ու իրավապաշտպանները դիմել են Ստրասբուրգի դատարան։

Ժաննա Ղազարյանն ասում է՝ Բաքուն դեռ նոյեմբերի 30-ին պետք է տեղեկատվություն տրամադրեր ամուսնու վերաբերյալ, բայց պատճառաբանել են՝ թե COVID-ի պատճառով ուշացնելու են պատասխանը դատարանին։

Եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով նշված է՝ տեղի է ունենում ռազմագերիների պատանդների և այլ պահվող անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Որևէ ժամկետ կամ գործընթացի արագ, անհապաղ իրականացման վերաբերյալ համաձայնագրում բառ չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG