Մատչելիության հղումներ

Շուրջ 50 գերու վերաբերյալ դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան. Եղիշե Կիրակոսյան


«Ազատությունը» զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։

«Ազատություն»․ - Ճի՞շտ եմ, որ առայժմ խոսքը միայն տեսանյութերում նույնականացված գերիների մասին է, մասնավորապես՝ նրանց առաջնային իրավունքների։

Կիրակոսյան․ - Այո։ Թե՛ փաստաբանների խմբի, թե՛ Հայաստանի Հանրապետության անունից ներկայացվել են դիմումներ Եվրոպական դատարան կոնկրետ գերեվարված անձանց պաշտպանության խնդրանքով՝ նաև խնդրելով դատարանին կիրառել հրատապ միջոց կամ արդեն բոլորին հայտնի միջանկյալ միջոցը, որը դատարանը պարտավորեցնում է կոնկրետ գործողություններից ձեռնպահ մնալ, որպեսզի անդառնալի հետևանքներից խուսափենք։ Հիմնականում, այո, խոսքը գնում է էն անձանց մասին, որոնց վերաբերյալ առկա է շրջանառվում որևէ տեսանյութ, որտեղ որ մենք կարողացել ենք անձին նույնականացնել և հասկանալ կոնկրետ տեղանքը և այլ մանրամասները, որ անհրաժեշտ են նաև նկարագրելու համար, և ներկայացվել են դիմումներ։ Բայց նաև կան անձինք, որոնց վերաբերյալ չկա տեսանյութ, որոնց վերաբերյալ նաև ներկայացվել են դիմումներ, և դա բավարարվել է։ Այսինքն՝ տեսանյութը լավ ապացույց է, որովհետև ուղիղ արդեն հստակ տեսնում ենք անձին, բայց նաև կարող է լինել, օրինակ, հաղորդագրություններ որոշակի կամ այլ անուղղակի ապացույցներ, որոնց միջոցով կարելի է համադրելով հասկանալ, որ անձը գերության մեջ է։

«Ազատություն»․ - Իսկ եթե, ասենք, ադրբեջանական սոցցանցերի տեսանյութերում չեն երևացել, բայց ծնողները 40 օր է լուր չունեն, դա հի՞մք է կասկածելու, որ նա կարող է գերության մեջ լինել, և այդ հիմքով դիմել Եվրոպական դատարան՝ Ադրբեջանին ստիպելու ասել նա գերի՞ է, թե՞ ոչ։

Կիրակոսյան․ - Կարող է։ Այս պահի դրությամբ, իհարկե, մենք նման փորձ չունենք, բայց ապագայում չի բացառվում, որ նման քայլ կարող ենք ձեռնարկել նաև Հայաստանի Հանրապետության կողմից։ Այստեղ չեմ կարող մանրամասները, փակագծերը բացել։ Բայց աշխատանքները կոնկրետ անձանց նույնականացման ուղղությամբ դեռ շարունակվում են, որովհետև գիտեք, ցավոք սրտի․․․ նաև բարեբախտաբար միգուցե, որովհետև հայտնվում են տեսանյութեր համացանցում, որտեղ երևում են մեր գերեվարված քաղաքացիները՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձինք։

«Ազատություն»․ - Ընդհանուր առմամբ, Հայաստանից արդեն քանի՞ դիմում է գնացել։ [Բացի] Էս երկու տասնյակից ավելին, որ Կառավարությունն է ուղարկել, փաստաբանները քանի՞ դիմում են ուղարկել։

Կիրակոսյան․ - Թիվ չասեմ։ Փաստաբանների մասով իրենք ավելի ճիշտ կասեն։ Եթե չեմ սխալվում՝ երեք տասնյակ։

Հայաստանն՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու երեք դիմում է ներկայացրել ՄԻԵԴ, երեքն էլ բավարարվել է

Կիրակոսյան․ - Հայաստանի կողմից ներկայացված երեք դիմում է եղել, երեք բավարարված միջանկյալ միջոց ունենք, փաստացի, և սկսած պատերազմի ժամանակահատվածից, թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կոչը՝ չթիրախավորելու քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական անձանց, այնուհետև Թուրքիայի մասնակցությունը փաստող միջանկյալ միջոցը, որը նաև կոչ էր անում Թուրքիային և այլ անդամ երկրներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտին միջամտելուց, այնուհետև արդեն կոնկրետ անձանց մասով՝ ռազմական քաղաքացիական անձանց պաշտպանության համար ներկայացված պահանջը, և առաջին որոշումն այդ անձանց մասով նաև Հայաստանի պահանջի հիման վրա։ Ամեն դեպքում շարունակական է լինելու էս պրոցեսը, բայց մենք փորձելու ենք մեզանից կախված հնարավորն անել, որպեսզի գոնե այս ընթացքում, քանի դեռ բանակցվում է, քանի դեռ գերիների փոխանակման հարցն է օրակարգում, ապահովել անձանց անվտանգությունը, կյանքն, առողջությունը մինչև փոխանակման հանգամանքը հաստատելը կամ լինելը, եղելությունը։

«Ազատություն»․ - Ըստ միջազգային իրավունքի, նրանք որտե՞ղ պետք է պահվեն, եթե ռազմագերի է, կամ քաղաքացիական անձ։

Կիրակոսյան․ - Առանձնացված հատվածներում պետք է պահվեն՝ կոնկրետ կոնվենցիոն պահանջներին համապատասխան, պետք է պահվեն ոչ բանտային պայմաններում, ունենան նվազագույն մարդկային պայմաններ, որը որ կիրառելի է անազատության մեջ պահվող ցանկացած քաղաքացու համար, առնվազն։

«Ազատություն»․ - Դուք նաև Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն եք գլխավորում, պատերազմի պատճառով փոխվե՞լ են ժամկետներ, պլաններ։

Կիրակոսյան․ - Դե ակնհայտորեն կասեցվել էր պրոցեսը պատերազմի հետևանքով, դա քննարկման ենթակա չէ։ Այս պահի դրությամբ չեմ կարող այդ մասին ասել, որովհետև հարցը ներքին քննարկումների մեջ է, դեռ չենք վերադարձել, երբ որ ներքին քննարկումները կավարտվեն և որոշակիություն կլինի, կխոսենք։ Էս պահի դրությամբ, ակնհայտորեն, էս վերջին երկու ամսվա ընթացքում, դա առաջնային հարց չէր։

«Ազատություն»․ - Վարչապետը 6-ամսյա գործողությունների ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որտեղ Սահմանադրական փոփոխությունների մասին չի հիշատակվում, այնինչ ժամանակին խոսվում էր, որ գուցե հաջորդ տարի հանրաքվե անցկացվի։

Կիրակոսյան․ - Առայժմ եկեք այս թեմայի մասին չխոսենք, որովհետև մենք ներսում էլ քննարկումների փուլում ենք հիմա այս պահին գտնվում, և թե՛ նախարարության հետ, և թե՛ աշխատակազմում փորձում ենք ընդհանուր հասկանալ հաջորդիվ քայլերը, թե ինչ պետք է լինի, նաև ժամկետների ուռումով էլ հասկանանք։ Պարզ է, որ փոփոխություններ պետք է կրի այս պրոցեսը որոշակի թե՛ ժամկետների, թե՛ մոտեցումների առումով, գուցե՝ բովանդակության։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG