Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գիշեր-ցերեկ ցանկը թարմացնում են՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:
Ռազմագերիներից միայն փոքր մասի ինքնությունն, ըստ Բեգլարյանի, դեռ չեն կարողացել պարզել:
Պաշտպանը նշել է, որ առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:
«Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում», - գրել է Բեգլարյանը: