Մինչ օրս Հայաստանում Covid-19-ը հաղթահարել է շուրջ 109 հազար մարդ, նրանց մեծամասնությունը բուժվել է տանը:
Այն մարդիկ, որոնք հիվանդությունը ծանր չեն տանում և հոսպիտալացման կարիք չի լինում, իրենց գրպաններից են վճարում բուժման համար։ Թոշակառու Վարդան Ջանիկյանը հիվանդությունը թեթև է տարել, բանը թոքաբորբին չի հասել, բայց բուժման նպատակով անհրաժեշտ դեղերի համար 30 հազար դրամ է ծախսել, ասում է՝ թոշակառուի համար ծանր բեռ էր, դժվար օրեր է ապրել:
«Ընդհանրապես բարդ է, ոչ միայն թոշակառուի, այլ ընդհանրապես բարդ է, մանավանդ թոշակառուի [համար]: Դեղերը գրել ա, գնացել առել եմ, խմել եմ: Շատ ծանր էր, իհարկե, այդ պրոցեսը», - ասաց Ջանիկյանը:
Կորոնավիրուսային ծախսերը միայն դեղերով չեն սահմանափակվում, վճարովի թեստերի գինը շուրջ 15 հազար դրամ է, թոքերի համակարգչային տոմոգրաֆիան 20-ից 50 հազար դրամ արժե, թոքաբորբի հայտնաբերման դեպքում էլ ավելի շատ դեղեր, ավելի երկար ժամանակով։ Այդպիսով, Covid-ի դեմ պայքարում մեկ անձը կարող է ծախսել ընդհուպ 100 հազար դրամ, ինչը միջին ամսական անվանական աշխատավարձի կեսից էլ շատ է։ Բազմաթիվ տարեց քաղաքացիների կենսաթոշակից էլ կրկնակի մեծ գումար է։
Առողջապահության նախարարությունից արձագանքում են՝ այն վարակակիրները, որոնք գտնվում են տանը, դեղորայքային բուժման կարիք փաստացի չեն ունենում։ «Եթե հասունանում է թոքաբորբ և այլն, նոր այդ դեպքում դեղորայքի կարիք է առաջանում: Ինչ վերաբերում է տնային բուժման կարգին, ապա դա գրվել է, ուղեցույցներ կան դրա համար մշակված, որը բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններին ամբուլատոր ուղղակի տրամադրվել է, վերջիններս տեղյակ են, թե ինչպես պետք է վարել տնային բուժումը: Տնային բուժման մասով պատասխանատու է առողջության առաջնային պահպանման օղակը», - ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ պետությունը հոգում է հիվանդանոցներում բուժվողների ծախսերը։ Նախարարությունը մարտից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակներով ծախսել է ավելի քան 15 միլիարդ դրամ՝ շուրջ 30 միլիոն դոլար։
Մահաբեր վարակը Հայաստանում շարունակում է կյանքեր խլել, երեկ Covid-ի հետևանքով 22 մարդ է մահացել, ևս 4 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։ Մինչ օրս Covid-19-ից Հայաստանում մահացել է 2 հազար 164 մարդ։
Անցած հանգստյան օրերին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1530 նոր դեպք, դրական է եկել իրականացված 4162 հետազոտությունների 36,76 տոկոսի պատասխանը, շաբաթ-կիրակի արված թեստավորումների ու նոր դեպքերի հարաբերակցությունը լավագույնն է նոյեմբեր ամսվա ընթացքում։ Շաբաթներ առաջ այս ցուցանիշը հասնում ու երբեմն էլ անցնում էր 40 տոկոսը։
Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ Covid-ի հաստատված դեպքերը թեև փոքրացել են, այդուհանդերձ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը շարունակում է մեծ մնալ. «Քանի դեռ հիվանդանոցներում շարունակում է պահպանվել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի աճը, որովհետև մենք չունեն նվազում, ունենք հակառակը՝ ավելացում. եթե ժամանակին՝ մոտ 10 օր առաջ, թիվը հասնում էր մինչև հազար, ապա այժմ հազարից ավելի է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը»:
Օրական հաստատված վարակակիրներից շատերն ունենում են հիվանդանոցային բուժման կարիք, ասում է Նիկողոսյանը՝ հավելելով. «Այդ առումով մենք նվազում չունենք, այո, թվերի առումով որոշակի նվազման դինամիկա նկատվում է»:
Երեկվա տվյալներով Covid-19-ով վարակված 969 քաղաքացի ծանր վիճակում է, 213-ը հիվանդությունը ծայրահեղ ծանր է տանում, նրանցից 83-ը միացված է թոքերի օդափոխման սարքին։ Այսօր առավոտյան հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին էր սպասում 309 վարակակիր: Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նրանց հոսպիտալացումն օրվա ընթացքում կկազմակերպեն։