Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի հավաստմամբ` վերջին օրերին վարակի տարածման տեմպերը ինչպես երկրում, այնպես էլ Լոռու մարզում փոքր-ինչ նվազել են, թեստավորման համար ավելի քիչ են դիմում, չնայած մարզում քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող երկու հիվանդանոցներն էլ դեռևս գերծանրաբեռնված են աշխատում։
«Միտում կա, այո։ Թեստավորված բնակիչների քանակը, դիմողների քանակը ավելի քիչ է, քան թե եղել է նախորդ օրերին։ Իսկ հիվանդների քանակի առումով Սպիտակի բժշկական կենտրոնում նվազման միտում չեմ տեսել, որովհետև մահճակալային ֆոնդը նախատեսված է 100-ը, մենք օր ենք ունեցել, նախորդ օրը ունեցել ենք 116 հիվանդ, առաջին օրը՝ 112 հիվանդ, էդպես։ Այսինքն՝ գերակշռում է հիվանդների թիվը նախատեսած մահճակալների թվին, ավելացված մահճակալների, թթվածնային սարքավորումների շնորհիվ կարողանում ենք ավելի շատ հիվանդներ սպասարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիսակյանը։
Սեպտեմբերի 1-ից Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն ու Սպիտակի բժշկական կենտրոնը դադարել էին սպասարկել քովիդով հիվանդներին և անցել իրենց նախկին գործառույթներին։ Մեկուկես ամիս անց, սակայն, Կառավարությունն ստիպված եղավ դարձյալ այդ երկու հիվանդանոցներն առանձնացնել վարակակիրների համար։
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Սիսակյանը նշում է, որ մինչև սեպտեմբերի 1-ը հիվանդության առաջին փուլն ավելի հեշտ են հաղթահարել, հիվանդությունն ավելի թեթև ընթացք էր ունենում, մինչդեռ երկրորդ փուլում հիվանդները հիմնականում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են։ Այսօր 100 տեղ ունեցող բժշկական կենտրոնում հիվանդների կեսը ծանր վիճակում են, 25 հիվանդ ծայրահեղ ծանր է։ Բոլոր հիվանդները թոքաբորբ ունեն։ Այսօր հիվանդանոցից դուրս են գրվել 15-ը, ընդունվել՝ 13-ը, «Ազատությանը» հայտնեց Վարդուհի Սիսակյանը։
«Առաջին փուլը շատ-շատ ավելի հեշտ էր ընթանում հիվանդությունը, այս պահին ավելի ծանր են հիվանդները, զգալի շնչական անբավարարություններով են դիմում, ուղեկցող հիվանդություններով», - ասաց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենը։
Վանաձորի ինֆոկցիոն հիվանդանոցի բոլոր 40 մահճակալները ևս զբաղված են, ընդ որում, հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասում է՝ եթե նախորդ փուլում մահվան դեպքեր չէին ունենում, ապա հոկտեմբերի 15-ին վերապրոֆիլավորվելուց հետո արդեն 7 մահվան դեպք են արձանագրել։ Այստեղ նույնպես հիվանդների կեսից ավելին ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են, ասում է Էվինյանը։
«Գիտե՞ք խնդիրն ինչումն է՝ երբեմն ուշ են նմուշառվում, մարդիկ հիվանդ են, սկսում են չդիմել, ինքն իրենցով, ասենք, ծանոթ, բարեկամ, նշանակումներ են անում, երբ որ արդեն վիճակը սրանում է, նոր, իսկ առանց նմուշառման հնարավոր չի հոսպիտալացնել որևէ պրոֆիլային հիվանդանոցում՝ պիտի դրական պատասխան ունենանք մենք, սա էլ է ձգձգում», - մանրամասնեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը՝ շարունակելով․ - «Թեպետ որ կարելի էր, եթե ընթացքը էդպես է, ավելի ժամանակին նմուշառվել, որ դրա պատճառով չձգձգվի մարդու հոսպիտալիզացիան»։
Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ մարզի բոլոր 149 դպրոցներում տարրական դասարանների դասապրոցեսն ընթանում է։ Գյուղական համայնքներում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, դպրոց են գնում նաև բարձր դասարանցիները։ Եթե մինչև դպրոցական արձակուրդներ կային առանձին դպրոցներ կամ դասարաններ, որոնք անցել էին հեռավար դասավանդման, ապա արձակուրդներից հետո դեռևս նման խնդիրներ չեն առաջացել, ասաց Հարությունյանը։
Մարզի վարակաբանները, սակայն, դեռ մտավախություն ունեն, որ անգամ մահացության բարձր ցուցանիշների պայմաններում, դեռևս հասարակության շրջանում հակահամաճարակային կանոնների պահպանումը ցածր մակարդակի վրա է։
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն ասում է․ - «Փողոցում հանդիպում են մարդկանց, կամ նույն հիվանդանոցում, երբ որ այցելում են իրենց հարազատներին, ովքեր կոնկրետ ռեանիմացիայում են գտնվում, առանց դիմակի, ոչ մի համաճարակային կարգուկանոն չեն պաշտպանում։ Ես զարմանում եմ, որ կարելի է ունենալ նման հարազատ հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր գտնվող, ու դա նույնպես չանդրադառնա այդ մարդկանց գիտակցությանը, որ պետք է պահպանել»։
Մինչև երեկ Հայաստանում քովիդով վարակվել է մոտ 134 հազար մարդ, որից 2 հազար 121-ը մահացել է։ Այս պահին բուժում է ստանում մոտ 24 հազար 500 հիվանդ։ Երեկ գրանցվել է 1248 նոր դեպք, մահացել է 31 մարդ։
Այսօր Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված ծախսերի ֆինանսական հաշվետվություն, ըստ որի՝ անցած ութ ամիսներին COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում միայն նախարարությունը ծախսել է 15 միլիարդ 168 միլիոն դրամ։