Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը փոխանցում է, որ հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը «արդեն ավելի տանելի է»


Վերջին 3-4 շաբաթների համեմատ Հայաստանում համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է, այսօր Կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարարը։

Պատերազմի ընթացքում օրական արձանագրվում էր կորոնավիրուսի ավելի քան 2000 նոր դեպք, ինչը հանգեցրել էր առողջապահական համակարգի կոլապսի, հիվանդանոցներում ազատ մահճակալներ գրեթե չկային։ Այժմ թվերը քիչ թե շատ նվազել են։ Անցած մեկ օրում, օրինակ, քովիդով վարակվածների թիվն աճել է 1785-ով։

«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը արդեն ավելի տանելի է։ Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել, այսինքն՝ բոլորին տեղավորում ենք։ Եվ հույս ունենք, որ այս իրավիճակը առնվազը մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի՝ իհարկե մեր բոլորի, մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կրկին կանոնների պահպանումը շատ կարևոր է», - ասաց Արսեն Թորոսյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած մեկ օրում վիրուսը հաստատվել է թեստավորվածների 41 տոկոսի մոտ, մահացների ընդհանուր թիվը հասել է 2 հազար 68-ի։

Մարտ ամսից ի վեր երկրում տարածված կորոնավիրուսի թեմային անդրադառնալով՝ վարչապետը շեշտեց, որ ամիսներ առաջ 100 հազար բնակչի թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկը Հայաստանն էր։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այժմ հիվանդության գագաթնակետը հաղթահարված է։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ, այլ երկրների պես, Հայաստանը ևս ձեռք է բերում դեռևս փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութեր։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ։

Թորոսյանի խոսքով, պատվաստանյութերը հավանաբար կմատակարարվեն գարնանը, 300 հազար բնակչի հաշվով ձեռք կբերեն 600 հազար դոզա․ - «Մենք ունենք արդեն վճարած կանխավճար, նաև բյուջետային քննարկումների ժամանակ եմ բարձրաձայնել Ազգային ժողովում, միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ Հայաստանը պայմանագիր ունի կովիդի դեմ պայքարի համար միջազգային ոլորտում ձևավորված Covax facility նախաձեռնության հետ արդեն գրանցված պատվաստանյութ գնելու համար: Դեռևս որևէ պատվաստանյութ գրանցված չէ, դրանք փորձարկումների փուլում են։ Հայաստանը դիմել է բնակչության 10 տոկոսի չափով ձեռքբերելու համար՝ բուժաշխատողների, սոցիալական աշխատողների, տարեցների և քրոնիկ հիվանդների համար։ Երկրներին առաջարկվել է ձեռքբերել իրենց բնակչության հաշվով 10-50 տոկոս չափաբաժնով պատվաստանյութ։

Հայաստանի հնարավորությունները 10 տոկոսի համար են, որն էլ, ըստ մասնագետի, կբավականացնի ռիսկային խմբերին․ - «Ենթադրվում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակից ոչ շուտ պատվաստանյութը կլինի։ Մենք նախատեսում են, որ երկրորդ եռամսյակում արդեն զանգվածային կիրառում կունենա պատվաստանյութը»։

Պատերազմի օրերին առուվաճառքի կայքերում հաճախ էին հանդիպում թթվածնի պահանջի մասին մասնավոր հայտարարություններ։ Փնտրողները հիմնականում այն մարդիկ էին, որոնք սպասում էին հոսպիտալացման իրենց հերթին։

Գայանե Սահակյանն ասում է՝ այս պահին նման խնդիր չկա, թթվածնի կարիք ունեցողները հոսպիտալացվում են․ - «Հիվանդներ չկան տանը։ Այսինքն՝ ո՞վ է հոսպիտալացվում, ծայրահեղ ծանր հիվանդը, կամ հենց թթվածնի կարիք ունեցող հիվանդները։ Մեր հոսպիտալացման չափանիշներից մեկը հենց դա է․ եթե մարդու մոտ արդեն սկսվում է թթվածնային քաղց, նա անմիջապես պետք է հոսպիտալացվի»։

Գայանե Սահակյանի գնահատմամբ, վերջին շրջանում մահերի մեծ թիվը պայմանավորված է մի շարք գործոններով՝ պատերազմ, մահճակալների պակաս, որոշ դեպքերում ինքնաբուժություն։ Միևնույն ժամանակ, բժիշկը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ առողջապահական համակարգը չծանրաբեռնելու համար։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունեն 700 թթվածնային կոնցետրատորներ և թթվածին արտադրող 8 կայան։ Թթվածնային կոնցետրատորները սարքեր են, որոնք օդի թթվածինը խտացնելով՝ այն փոխանցում են հիվանդներին։

Ֆիզիկայի ինստիտուտը թթվածին արտադրողներից մեկն է։

«Թթվածինը ստանում ենք օդից գազերի բաժանելու ընթացքում։ Հետո թթվածինը սառեցնում ենք, և ինքը աշխատանք ա կատարում։ Աշխատանք կատարելու ընթացքում նա հեղուկանում ա», - պարզաբանեց տեխնիկական գիտությունների թեկնածու Հակոբ Հարոյանը։

Նա ու գործընկերները կորոնավիրուսի տարածման առաջին օրերից աշխատում են 24-ժամյա ռեժիմով։

«Ավելի քան 40-ամյա հնության սարքավորումների օգնությամբ, որոնք երբեմն փչանում են, օրական հիվանդանոցներ են մատակարարում 2.000-3.000 լիտր հեղուկ թթվածին», - ասում է ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ճարտարագետի տեղակալ Լևոն Ավետիսյանը։

Առողջապահության նախարարությունը արտերկրից պատվիրել է ևս 400 թթվածնային կոնցետրատորներ և 8 կայաններ, որոնք դեկտեմբերին արդեն տեղ կհասնեն։

XS
SM
MD
LG