Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևով կոչ է արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Ֆրանսիայի Սենատը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը:

Բանաձևը ներկայացնում են հինգ սենատորներ՝ Բրունո Ռետայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:

Ներկայացված բանաձևով կոչ է արվում կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական ժամանակ խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Արցախի անկախության ճանաչման բանաձևում ներկայացված է նաև.

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի հիմքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցությունն է;

Ավելին, հաշվի առնելով, որ Թուրքիան, որպես ադրբեջանական բանակի օժանդակ, գործողությունների թատրոնում տեղակայել է վարձկաններ, որոնք ծառայել են Սիրիայում ջիհադիստական խմբերում;

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, երբ գտնվում էր Ադրբեջանի վարչակազմի տակ, բազմիցս ենթարկվել է կազմակերպված կոտորածների, մասնավորապես Սումգայիթում (1988թ. փետրվարի 25-27-ին), Կիրովաբադում (1988 թ. նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թ. հունվարի 12-19-ին) և Մարաղայում (1992 թ. ապրիլի 10-ին);

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին;

Ուստի հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չեն երաշխավորվում Ադրբեջանի կողմից;

Հաշվի առնելով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակներում, նրա համանախագահ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար;

Ավելին, հաշվի առնելով դրա չեզոքության մշտական դիրքորոշումը և հակամարտության կարգավորման փուլերով բանակցային գործընթացին նպաստելու կամքը;

Հաշվի առնելով նաև, որ այս գործընթացը վերջապես խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծմանը դիմելու պատճառով,

Դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում»:

Բանաձևով նաև կոչ է արվում կառավարությանը զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ և օգտագործել բոլոր հնարավոր խողովակները: Ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում պաշտպանել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումը` իր հովանու ներքո գործող միջազգային միջամտության ուժերի տեղակայմամբ:

Առաջարկվում է նաև՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Արցախում խաղաղ բնակչության դեմ միջազգային օրենսդրությամբ արգելված զենք օգտագործելու միջոցով կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

«Կոչ է անում Կառավարությանը՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովվեն բանակցված և տևական լուծման միտված քննարկումները, ապահովելով 1994-ին սահմանված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, կարող է առանց հապաղման վերսկսվել Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահը Ֆրանսիան է:

Կոչ է անում Կառավարությանը՝ նկարագրել Թուրքիայի իշխանությունների խաղացած դերի բոլոր դիվանագիտական հետևանքները և եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենահարմար և հաստատուն պատասխանները», - նշված է ներկայացված է բանաձևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG