Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատերազմից հետո ներդրումների անհրաժեշտությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ այսօր հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Քննարկել են Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, արցախցիների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքներին, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքներն ապահովելու, ինչպես նաև հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցերը։

Փաշինյանը խոսել է նաև այս պահին ներդրումների կարևորության մասին. «Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոքսով՝ հոսքը դեպի Արցախ բավականին մեծ տեմպերով է ընթանում, սակայն կան խնդիրներ ճանապարհների անվտանգության հետ կապված։ Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի` միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ վերադարձել է տուն։ Արցախի նախագահն ընդգծել է՝ եղանակներն ավելի են ցրտում, ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, ուստի Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում են փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր հյուրընկալել են արցախցիներին իրենց հյուրանոցներում կամ այլ օբյեկտներում. «Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները»:

Հաստատվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հայաստանի կառավարությունը հաստատել է պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Այս միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև դեկտեմբերի 20-ը: Ի դեպ, ծրագիրը իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերված միջոցներով:

Ֆրանսիայից մարդասիրական օգնություն Հայաստանին

Մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին այսօր հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոննը, որն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ Մակրոնը հայտարարել է, որ այսօր Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։

Նկատենք, որ երեկ էլ երևանյան այցի ժամաանկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախագահ Արմեն Սարգյսանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG