Մատչելիության հղումներ

Թուրքիային սահմանակից Երազգավորս գյուղում զինվորական անսովոր շարժ չեն նկատել


Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո տեղեկություններ տարածվեցին Թուրքիայի կողմից Հայաստանին սահմանակից հատվածում զորքերի կուտակման մասին։ Այս լուրերին որոշակի անհանգստությամբ հետևում են նաև Շիրակի մարզի՝ հայ-թուրքական սահմանին մոտ բնակվող գյուղերում։ Դրանցից է Երազգավորս գյուղը, որը թուրքական սահմանից շուրջ 2 կիլոմետր հեռավորության վրա է։

72-ամյա երազգավորսցի Ստեփան Մխիթարյանի տունը հայ-թուրքական սահմանը հսկող ուղեկալի դիմաց է: Ամեն օր հետևում է իրավիճակին, ասում է՝ անսովոր ոչինչ չի նկատել. «Շարժ ըտպես չկա, զինվորական շարժ չի երևա, խոմ իրենք հիմար չեն, որ բերեն, ցուցադրեն, հիմա էն դարի չի որ, 5-րդ սերնդի պատերազմ է»:

Մխիթարյանը հիշում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին թուրքական կողմից զինտեխնիկա էր մոտեցել սահմանին, բայց մի քանի օրից հետ են քաշվել. «2-3 տանկ երևաց, էտ էլ 1-2 օր, հիմա էլ մենք ի՞նչ գիտենք, ի՞նչ է կատարվում այնտեղ: Այդ հարցով պիտի պետական անվտանգությունը զբաղվի և հետախուզությունը: Չէ, ինչի՞ց վախենանք, մենք երբեք չենք վախեցել: Եթե մենք վախենանք, ասենք` պատերազմ կլինի, ի՞նչ կարանք անենք, պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, եթե վախենանք, փախնինք, ուրեմն հայրենիք գոյություն չի ունենա: Երբեք պիտի հայը չվախենա, ինքն իր հողի վրա է»:

Սահմանամերձ գյուղի բնակչի կարծիքով՝ պատերազմից հետո սխալները ուղղելու ժամանակն է եկել: Մատնացույց է անում, որ իրենց աչքի առաջ՝ փշալարից այն կողմ, թուրքական գյուղերը զարգացել են, իսկ հայկական գյուղերը դատարկվել են, պայմաններն էլ՝ ավելի վատացել: Ստեփան Մխիթարյանն ընդգծում է՝ պատասխանատուները մոռացել են, որ հայրենիքը սկսվում է հենց սահմանից. «Պետությունը սկսվում է հենց այստեղից` հենց այս սահմանից է սկսվում: Առաջին հերթին պետք է հզորանան սահմանի բոլոր գյուղերը: Չունենք տեխնիկա: Տեխնիկան դեռ Սովետական Միության ժամանակվանից տրակտորներ են, բացառությամբ 1-2 նոր նոր տեխնիկա, դրանով հարցեր չեն լուծվում: Պիտի հոգատարություն լինի սահմանի գյուղերի հանդեպ: Մի՞թե չի կարելի տարեկան մի գյուղին մի կոմբային գնել, մի 2 տրակտոր գնել, շարքացան, շարքացանները հին են, տանում են դաշտում ցանելու, ցանում, չարչարվում, արդյունք չկա»:

Երազգավորս գյուղը խորհրդային տարիներին Ախուրյանի ջրամբարը կառուցելու համար տեղափոխվել է: Ստեփան Մխիթարյանն ասում է` հիմա իրենց տները ստիպված լքող արցախցիներին լավ է հասկանում, քանի որ իրենք էլ ժամանակին ստիպված են եղել տները թողնել ու տեղափոխվել. «Մեկ անգամ մեր ծնողներն են գաղթել Թուրքիայից, եկել, այստեղ` հին գյուղում, տուն ու տեղ են դրել, հետո անցան տարիներ, նորից այնտեղից գաղթեցինք, ելանք վերև: Այդ ջրամբարը կառուցին, Երազգավորս գյուղը պետք է մնար ջրի տակ, դրա համար կառուցեցին այս ավանը և մեզ տեղահանեցին, մեր ամբողջ լավ հողերը, ունեցվածքը մնաց ջրի տակ:

Հայ-թուրքական սահմանին բնակվող գյուղացիների համար հող մշակելը նաև բյուրոկրատական ջանքեր է պահանջում: Գյուղացիներն անձնագրից բացի, նաև պետք է ռուսական սահմանապահ ջոկատի թույլտվությունն ունենան, որ կարողանան ուղեկալի մյուս կողմում գտնվող հողը մշակել. «Միշտ ձեռքի առաջ է, որ ամեն րոպե կարող ենք գնալ աշխատանքի սահման, խնդրեմ, սա անձնագիրն է, սա էլ անցաթուղթն է, ամեն տարի պարտաճանաչ տալիս են: Առանց սրա գնալ չես կարող, ո՞վ կթողնի սահմանն այն կողմ»:

Սահմանային գյուղերում մեկ թիզ անմշակ հող չպետք է լինի, կարծում է Ստեփան Մխիթարյանը: Պետք է պայման ստեղծել, որ սահմանային գյուղերը չդատարկվեն: Դրա համար ըստ գյուղացու՝ միայն մեկ բան է անհրաժեշտ. «Համախմբվենք, իրար բռնենք, տեսնենք` ինչ կլինի, որ էս իրավիճակից դուրս գանք, միայն միասնությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները: Ամեն ինչ պետք է թողնել մի կողմ, համախմբվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG