Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Այլ տեղեկություն փաստաբանը չի հաղորդում։ Մանվել Գրիգորյանը 64 տարեկան էր։
Հիշեցնենք, որ նրա փաստաբանները բազմիցս էին հայտարարում, որ գեներալը մի շարք լուրջ հիվանդություններ ունի, մասնավորապես շաքարային դիաբետ, նրա վիճակը ծանր է, և բուժման համար անհրաժեշտ է Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա։
Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:
Նա մեղադրանքը չէր ընդունում, փաստաբաններն էլ հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։
Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։
Խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ։
Խափանման միջոցի փոփոխությունից հետո փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանի հետագա բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Միջնորդությունը մերժվել էր։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել էր, որ դատարանին որևէ ապացույց ներկայացված չէ այն մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումն ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։