Մատչելիության հղումներ

Ավինյանի խոսքով, Ադրբեջանը, բացի վերջին օրերից, ռազմական գործողությունները դադարեցնելու որևէ պատրաստակամություն չի ցույց տվել


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում

Արդյո՞ք հնարավոր էր հոկտեմբերի 20-ին համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում, ի՞նչ առաջարկներ են եղել և ինչո՞ւ են այդ առաջարկները մերժվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես երեկ նշում էր իր հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս հարցերին վարչապետ Փաշինյանը դեռ չի անդրադարձել, հարցերը չհնչեցին նաև այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Երեկ իր հարցազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Շուշիի հարցը երբեք խաղաղ բանակցությունների մաս չի եղել և առաջ է եկել այս հակամարտության ընթացքում, իսկ պատերազմը կարող էր ավելի վաղ դադարեցվել՝ եթե Նիկոլ Փաշինյանը համաձայներ ադրբեջանցի փախստականների վերադարձին Շուշի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե հայկական կողմը գրեթե մինչև վերջին պահը ծրագրել է հակագործողություններ, սակայն, ցավոք, հակագրոհներում հաջողություն չի գրանցվել, իսկ այս ընթացքում Ադրբեջանն է, որ երեք անգամ տապալել է հրադադարի համաձայնությունները․ - «Ադրբեջանական կողմը ամբողջ ընթացքում պատերազմական գործողությունների, բացի վերջին օրերից, որևէ պատրաստակամություն չի ցույց տվել որևէ կերպ ռազմական գործողությունները դադարեցնելու։ Դա է վկայում նաև երեք անգամ հրադադարի մասին խախտված պայմանավորվածությունները, որոնք որ խախտվել են ադրբեջանական կողմից»։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը, ըստ Ավինյանի, Ադրբեջանի էական ռազմական գերակայությունն էր և Թուրքիայի աննախադեպ աջակցությունը։

Ուշագրավ է, որ երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էր հայտարարել, որ տարածաշրջանում ահագնացող իրավիճակի և Թուրքիայի ներգրավվածության մասին դեռ հունիսին է զեկուցել։ Պատերազմի չորրորդ օրն էլ տեղեկացրել է, որ եթե երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը չկանգնեցվի, այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և բանակցությունների համար ավելի ու ավելի անբարենպաստ պայմաններ կստեղծվեն:

Արդյո՞ք այս հայտարարությունները չեն հակասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին, և եթե նման ավելի լավ տարբերակ եղել է, ապա ինչո՞ւ Փաշինյանը չի համաձայնել ավելի վաղ կանգնեցնել պատերազմը։ Այս հարցադրումներին փոխվարչապետ Ավինյանն արձագանքեց․ - «Ընդհանուր առմամբ, խնդիրը պատերազմի առաջին իսկ օրերից ակնհայտ է եղել։ Այնուամենայնիվ, տարբեր ուղղություններում մենք ունեցել ենք հաջողություններ։ Օրինակ, Քարվաճառի հատվածում բոլոր գրոհները գրեթե տապալվել են, և փաստացի հարավային ուղղությամբ ենք ունեցել հիմնական խնդիրը, և ճեղքումը տեղի է ունեցել հարավային ուղղությամբ։ Մինչև վերջին օրերը որոշակի հակագործողությունների ծրագրեր եղել են, բայց ծրագրերը տարբեր պատճառներով չեն կարողացել իրականություն դառնալ»։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը («Իմ քայլը») հակասություն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հայտարարությունների միջև չի տեսնում։

Շուշիի հարցով քննարկվել է փախստականների վերադարձի հարց, ինչը, ըստ Խաչատրյանի, կնշանակեր Շուշին դարձնել ադրբեջանաբնակ․ - «Այդ իսկ պատճառով վարչապետը չի համաձայնվել այդ տարբերակին և գնացել է պատերազմը շարունակելու և պայքարի ուղղությամբ»։

Ըստ խաչատրյանի, գուցե Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ զիջումների մինչև պատերազմը․ - «Բայց եթե արդեն գնացել ես պատերազմի, նաև ցանկացած հրամանատար պետք է ձգտի մինչև վերջին շանսը ռեալ հնարավորությունները օգտագործի և հասնի հաղթանակի։ Ինչ-որ տեղ հարգանքի արժանի եմ համարում վարչապետի նման որոշումը, որ գուցե դա հետագայում իհարկե չի արդարացվել և ավելի ծանր վիճակում ենք հայտնվել»։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը կարծիքով, պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրապարակված հարցազրույցում այդքան մանրամասն խոսել է Արցախի հարցից և Շուշիից։ Գրիգորյանի խոսքով, հենց Ռուսաստանի ներսում լուրջ քննադատություն կա իշխանությունների հասցեին, որ համապատասխան արձագանք չեղավ ադրբեջանաթուրքական ագրեսիային, և Ռուսաստանի դաշնակիցը հայտնվեց անարդար վիճակում․ - «Պուտինը փորձեց բացատրել, որ իրա մեղքը ստեղ քիչ է։ Օրինակ, Պուտինը նորից հիշեցրեց էդպես կոչված Լավրովի պլանը։ Ինքը ասեց՝ մենք վաղուց ասել ենք՝ 5 պլյուս 2, այս 7 տարածքները պետք է հանձնվեն։ Էդ նորություն չի։ Մենակ մի հարց ստեղ առաջանում է․ բայց ի՞նչ կապ ունի Հադրութը և Շուշին էդ փաթեթի մեջ։ Կյանքում Ղարաբաղը չէր դիտվում առանձին-առանձին, մասերով։ Նույնիսկ երբ որ Ադրբեջանի տարածքի մեջ էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, միասնական էր։ Էնտեղ առանձին Շուշի չէր, առանձին Հադրութ չէր։ Էս հարցը է՛լ ավելի ցավոտ ընկալվում է և՛ Հայաստանում, և՛ նույնիսկ Ռուսաստանում։ Ու դա է պատճառը, որ ինքը փորձում էր բացատրել նաև էս հարցը։ Պուտինը ինչ ա ասում՝ գործող իշխանությունները Հայաստանի սխալ վարած քաղաքականությամբ էդ հարցը ակտիվացավ։ Պարզ ա, դրան պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանը։ Անպայման։ Որ մենք հասկանանք, թե իրոք էդ մեղքը մերն է, թե Ռուսաստանի շահերը համընկան այդքան ուժեղ Ադրբեջանի հետ, որ Շուշին էլ տվեցին Ադրբեջանին»։

XS
SM
MD
LG