Մատչելիության հղումներ

Քարվաճառից հայկական զորքերը դուրս բերելու գործընթացը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը


Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերը դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով, և Ադրբեջանը համաձայնել է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, քանի որ Քելբաջարից Հայաստան տանող միակ ճանապարհի գերբեռնվածության պատճառով հնարավոր չէ գործընթացն ավարտին հասցնել մինչև նախատեսված ժամկետը։

Ի սկզբանե, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը Ադրբեջանին Քարվաճառի շրջանը պետք է վերադարձներ մինչև նոյեմբերի 15-ը։ Երեկ ողջ օրվա ընթացքում և գիշերը հազարավոր մարդիկ կիլոմետրերով ձգվող խցանման մեջ էին մնացել, և քաղաքացիները ստիպված էին սեփական ուժերով փորձել կարգավորել երթևեկությունը։

Երեկ չի գործել Քարվաճառից Վարդենիս տանող հիմնական մայրուղին, և քաղաքացիները ստիպված էին շրջանցել այն նեղ, ոլորաններով լեռնային ճանապարհով։

Դեռ երեկ Քարվաճառում խցանման մեջ մնացած բնակիչների համար անորոշ էր, թե փաստաթղթով սահմանված ժամկետը՝ նոյեմբերի 15-ը ուժի մեջ է, թե ոչ, և շատերը ստիպված լքում էին տարածքն առանց իրերն ամբողջությամբ դուրս բերելու։ Քարվաճառի բնակիչներից խցանման մեջ կանգնած նկարում էր իր այրվող տունը. «Սենց իրենց սարքած ոչ մի բան էլ չենք թողնի»:

Շահումյանի շրջանի Բրաջուր համայնքի բնակիչը պատերազմի ընթացքում չորս հարազատ է կորցրել։ Նոր է իջել դիրքերից ու Հայաստան է տեղափոխում այն, ինչ մնացել է իր դատարկված տանը, որն անցնելու է ադրբեջանական կողմին, չգիտի` ուր է գնալու. «Հիմա էլ երեխեքն անտեր-անտիրական, տարել եմ, վերջին կտորներն եմ տանում, մնացածն էլ թալանել են, տարել մեր հայերը, բան չկա, տկլոր գնում ենք, ո՞նց պիտի լինենք»:

Հայաստանցիները որոշել էին վերջին օրն օգտագործել Դադիվանքի հրաժեշտ տալու համար։ 9-13-րդ դարերում կառուցված վանական համալիրի ապագան այս պահին անորոշ է, եկեղեցու մոտ այս պահին ռուս խաղաղապահներն են: Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում առանց լրացուցիչ մանրամասների տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Առաջացած խցանման մեջ մեծ դեր ունեին Քարվաճառից մեծ բեռնատարերով փայտեր տեղափոխոխող քաղաքացիները: Ի դեպ, հենց ծառահատումների պատճառով վնասվել են բազմաթիվ էլեկտրական լարեր, ինչի հետևանքով վերջին օրերին բջջային և ինտերնետ կապի խնդիրներ են առաջացել Արցախում։ Օրվա ընթացքում լուրջ խցանումներ կար նաև հակառակ՝ դեպի Արցախ գնացող ուղղությամբ։ Մեծ թիվ էին կազմում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ վերադարձող արցախցիները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG