Մատչելիության հղումներ

Քարվաճառից Վարդենիս ձգվող մայրուղին լիքն է բեռնատարներով. մարդիկ տեղափոխում են իրենց գույքը


Լեռնային Ղարաբաղում մարդիկ հավաքում են իրենց իրերը հեռանալու համար, 12-ը նոյեմբերի, 2020թ.
Լեռնային Ղարաբաղում մարդիկ հավաքում են իրենց իրերը հեռանալու համար, 12-ը նոյեմբերի, 2020թ.

Քարվաճառի շրջանից դեպի Վարդենիս ձգվող մայրուղին այսօր լիքն էր բեռնատարներով, նաև հովիվներով, ովքեր հոտը քշում են դեպի Վարդենիսի տարածաշրջան: Մարդիկ բազմաթիվ բեռնատարներով իրենց գույքը դուրս են հանում:

Քարվաճառի շրջանը սկսում է «Բարի գալուստ Արցախ» ցուցանակով, և առաջին տեսարանը, որին «Ազատության» նկարահանող խումբն ականատես եղավ, այդ ցուցանակին փարված քաղաքացիներն էին, որոնք ուղղակի հեկեկում էին:

«Ազատությունը» մինչև Քարվաճառ հասնելը եղավ նաև բազմաթիվ գյուղերում, այնտեղ նույնպես գաղթի նմանվող տեսարաններ էին. մարդիկ քանդում էին իրենց տները, տանիքները, քարերեն անգամ, որպեսզի կարողանան տեղափոխել՝ նշելով, որ ոչինչ թողնել չեն ցանկանում, տեղափոխում են այն ամենն, ինչ հնարավոր է:

Մարդիկ նաև ունեն տագնապ, որ ամեն ինչ չեն հասցնի տեղափոխել, քանի որ մինչև կիրակի Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը:

Արտառոց տեսարան է նաև անտառներում. ամենուր սղոցի ձայներ են և համատարած ծառեր են հատվում: Այնտեղից բեռնատարներով, փոքր մեքենաներով փայտ են տեղափոխում:

«Ազատությունը» Քարվաճառում հանդիպեց նաև կամավորական խմբերի, որոնք տարբեր վայրերից խաչքարեր էին տեղափոխում՝ տարբեր մեքենաներով: Ինչպես նրանք հայտնեցին, նաև Մշակույթի նախարարությունն է նման նախաձեռնություն ցուցաբերում և այսօր առավոտից Քարվաճառի տարբեր հատվածներից խաչքարեր են հավաքում՝ տեղափոխելու Երևան:

Քարվաճառի շրջանն ունի 10-ից ավելի գյուղ, շրջանում ապրում է 3500 բնակիչ: Մարդիկ այնտեղ հաստատվել են 90-ականներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG