Մատչելիության հղումներ

Ֆիզուլիում վիրավորված Արգիշտին ռազմաճակատից մանրամասներ չի հայտնում, բայց համոզված է՝ պատերազմը դադարեցնելու որոշումը խելամիտ էր


Արգիշտի Մարգարյան
Արգիշտի Մարգարյան

Ֆիզուլիի ծանր մարտերում վիրավորված իջևանցի Արգիշտի Մարգարյանը ռազմաճակատից մանրամասներ չի հայտնում, բայց համոզված է, թե պատերազմը դադարեցնելու որոշումը խելամիտ էր, Պաշտպանական բանակն այլ ելք չուներ։

Նրա կիսաձայն խոսքերի մեջ դառնություն կա, երբ խոսում է զոհված, կամ ավելի ծանր վիրավորումներ ստացած մարտական ընկերների մասին։

«Դժվար ա, երբ հասկանում ես, որ ընկերդ կողքդ զոհվում ա, բայց ոչ մի բանով չես կարող իրեն օգնել, այդ պահին հասկանում ես, որ ինչ էլ անես, չես կարող օգնես, միակ բանն էն ա, որ վիրավոր ա լինում, փորձում ես քաշես, գցես փոսի, խրամատի մեջ, որ կենդանի մնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արգիշտի Մարգարյանը։

Պատերազմից ընդամենը մեկուկես ամիս առաջ զորակոչված 20-ամյա Արգիշտին մասնագիտությամբ ծրագրավորող է։ Նա ասում է՝ զինվորական պատրաստություն անցնում էին, բայց որ չափազանց կարճ ժամանակում ստացած հրետանավորի իր գիտելիքներն իրական պատերազմում կկիրառեր, անգամ մարդ կսպաներ, մտքով չէր անցնում։

«Գնալուց առաջ պատկերացնում ես, բայց որ կռիվը սկսում ա, դրա մասին չես էլ մտածում, էդտեղ մտածում ես քո կյանքի հարցը՝ կամ դու ես, կամ՝ ինքը, կամ ընկերդ ա, կամ՝ ինքը, պիտի խփես, որ կենդանի մնաս, պիտի խփես, որ ընկերդ կենդանի մնա», - ասաց Ֆիզուլիի ծանր մարտերում վիրավորված իջևանցին։

Արգիսշտի Մարգարյանը պատմում է, թե ինչպես է հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ-դիմաց հայտնվել։ Արձակված գնդակը վիրավորել է ոտքը։ Արգիշտին այս մասին էլ քչախոս է։ Փոխարենը մայրը՝ Արմենուհի Բլբուլյանն է պատմում՝ ինչ անասելի ծանր օրեր են անցկացրել, երբ 6 օր տեղեկություն չի եղել որդուց և, թե՝ ինչպես են նրան զոհվածների ցուցակներում փնտրել։

«Չեմ պատկերացրել, որ ծնողին ասեն՝ «քո տղան վիրավոր ա» ու ինքն ուրախանա դրանից։ Պատկերացրեք մի քիչ անհավատալի բան եմ ասում, բայց ես նենց էի ուրախացել, որ գոնե վիրավոր ա։ Իմ նման շատ ծնողներ կցանկանային թեկուզ վիրավոր, թեկուզ մի ոտքով, բայց էրեխեն հասներ իրենց։ Սա էն պատերազմն ա, որ հասկանում ես, որ քո էրեխու դիուն կարող ա կարոտ մնաս՝ չտեսնես», - պատմեց Արմենուհի Բլբուլյանը։

Արգիշտիի վիրավոր ոտքը դեռ լիարժեք չի ապաքինվել, դժվարությամբ է քայլում, բայց ասում է՝ կլավանա, կվերադառնա բանակ։ Հույս ունի, որ պարտադիր զինվորական ծառայությունը կավարտի խաղաղ պայմաններում, բայց ասում է՝ ամեն ինչ կանի, որ բանակից վերադառնա նաև որպես պատերազմին լիարժեք պատրաստ զինվոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG