Հայաստանի արտգործնախարարությունն ահազանգում է` հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից անհանդուրժող և ռասիստական վերաբերմունք է դրսևորվում: «Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի` հատկապես աղաղակող է ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը:
«Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի ի սպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է ենթարկվեն խստագույն դատապարտման։
Խստագույնս դատապարտելով մարդկության քաղաքակրթական ժառանգությանն ուղղված այս բարբարոսությունը՝ միջազգային համապատասխան օղակների հետ համագործակցությամբ շարունակելու ենք գործնական քայլեր ձեռնարկել դրա իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: