Մատչելիության հղումներ

Ըստ հադրութցի ընտանիքի՝ կորցրել են և՛ հայրենի քաղաքը, և՛ 90-ականների փառահեղ հաղթանակը


Հադրութցի ընտանիքում կրկնակի սուգ է, Հադրութից բացի կորցրել են նաև ընտանիքի անդամին, որը մահացել է սրտի կաթվածից՝ տունն ու հայրենի քաղաքը կորցնելու լուրը ստանալուց հետո։

«Երեկ տեգրս ա մահացել, վաստակաշատ մանկավարժ էր, չդիմացավ, [մահացավ] 60 տարեկանում՝ սրտի կաթվածից», - ասաց Լյուսյա Բաղդասարյանը:

Հողը կորցնելուց առավել Երևանում ժամանակավոր գտնվող Ներսեսյանների ընտանիքին այլ հարց է հուզում՝ ինչպե՞ս են շարունակելու ապրել 90-ականների հաղթանակը կորցրած:

«Հրամանատարը եղել ա Արմեն Գասպարյանը: Զոհվել են շատերը հերոսաբար, բարեբախտաբար, ես ողջ եմ մնացել, իմ մեղքը չի, որ ողջ եմ մնացել: Բայց էդ թափած արյունը, էդքան մարդիկ զոհվեցին, գնացին, հիմա ջուրը քշեց տարավ: Երկրորդը՝ էդ հողը, որ վերցրել են թուրքերը, մեր հերոսների հուշարձայնները ի՞նչ վիճակում պետք ա լինեն կամ ի՞նչ վիճակում են լինելու», - նշեց Ներսես Ներսեսյանը:

Զրույցը սկսվում է այլ հարցից, բայց նորից ու նորից վերադառնում Հադրութի ազատագրման 90-ակնների պատմությանը։ Ալենուշ Գրիգորյանի հայրն է այն տարիներին կռվել ու զոհվել Հադրութում, այս պատերազմին էլ մասնակցել է ամուսինը, ընտանիքի այլ անդամներ։

«Ես իմ ուսանողներին միշտ պատմում էի, որ մենք միշտ հաղթող ենք եղել: Հիմա ես չգիտեմ ոնց նայեմ իրենց, եթե, իհարկե, էլի առիթ լինի իրենց հանդիպելու, ինչ-որ մի բան ասելու: Հիմա ես չեմ կարող համակերպել այն մտքի հետ, որ իմ հայրը, ինչպես նաև բոլոր զոհվածները սկսած դեռևս 80-ականների վերջերից մինչև այսօր իրենց կյանքը տվել են, այդքան արյունը թափվել է հողին և դա ջուր է դարձել», - նշեց Գրիգորյանը:

Ինչպե՞ս ստացվեց, որ 44-օրյա պայքարից ու հաղթանակին հավատալուց հետո ի վերջո Պաշտպանության բանակը պարտություն կրեց. այս հարցը մի քանի օր է քննարկվում է նաև այս ընտանիքում։

«Այս պատերազմը չի կարելի համեմատել 90-ականների պատերազմի հետ, որովհետև սա 5-րդ սերնդի պատերազմ էր և երևի ոչ մեկ չէր պատկերացնում, որ սենց բան էլ ա լինում, նույնիսկ ֆիլմերում երևի չէինք պատկերացնի, որ էսպիսի բան կլիներ: Ամեն դեպքում մեղադրում եմ այն մարդկանց, որոնք կարող էին կանխել, կարող էին զինվել նորագույն մեթոդներով, ամեն դեպքում մեղադրում եմ և դավաճան եմ համարում այն մարդկանց, ովքեր իմ հայրենիքն այս օրին հասցրին», - ասաց Ալենուշ Գրիգորյանը:

Ալենուշն ընտանիքով ապրում էր Ստեփանակերտում, պատերազմի մեկնարկից հետո 2 երեխաների՝ Լուսինեի ու Հայկի հետ Երևան եկան, երեխաներն այստեղ դպրոց են գնում, Ստեփանակերտում մնացած բարեկամներից նկարներ են ստացել՝ իրենց դպրոցը հողին է հավասարվել։

Լուսինեի դասընկերները հիմա Հայաստանի ամենատարբեր քաղաքներում են՝ Վանաձորից մինչև Կապան, իրար զանգում են, նամակներ գրում։ «Չգիտեի, որ ինձ տենց շատ կարոտել են, երբ իրար հետ շփվում ենք, ասում եմ՝ երբ ենք իրար տեսնելու: Ես որ ստեղ դպրոց եմ գնում, ստեղ շատ ջերմ ինձ ընդունեցին, բայց մեկ ա կարոտում եմ էլի, մյուս դպրոցն ավելի լավն էր», - ասաց Լուսինեն:

Մինչ երեխաների մայրը լուրջ մտավախություն ունի Ստեփանակերտ վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու հնարավորության վերաբերյալ, Ստեփանակերտից մեկ օրով Երևան վերադարձած հայրիկը երեխաներին հուսադրել է՝ երևանում երկար չեն մնալու։

«Ասում էր, որ մի քիչ հանդարտվի, հետո գնալու ենք», - նշեց Հայկը:

Ընտանիքի համար այս պահին անհայտ է և՛ իրենց, և՛ Արցախի ճակատագիրը, իսկ ճամպրուկներն էլ դեռ կապված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG