Մատչելիության հղումներ

«Վտանգավոր ա՝ վտանգավոր չի, պիտի գնանք, խոխեքը վախենալով են ապրելու». արցախցիները վերադառնում են տուն


«Մենք առանց Շուշի, էդ ամենացավոտն ա: Մարդ առանց սիրտ հնարավոր չի ապրի, չէ՞, Արցախի սիրտ Շուշին ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախ վերադարձողներից մեկը:

Տաթևիկ Հովակիմյանը Ստեփանակերտ է վերադառնում Շուշիի կորստի հետ անհաշտ։ Արցախի սիրտը չկա, բայց ասում է՝ պետք է վերադառնանք պահենք եղածը։ Եղբայրները դիրքերից դեռ չեն իջել, տունն էլ՝ հրետակոծությունից վնասված։ «Ոչինչ, մի կերպ կդիմանանք, կարևորը մեր տանը լինենք, մեր հողում լինենք: Մենք սովոր ենք դժվարություններին, ոչինչ, սա էլ կհաղթահարենք», - ասաց նա:

Հրադադարի հայտարարությունից հինգ օր անց Երևանից Արցախ ուղևորվող առաջին երթուղին է։ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած հազարավորներից այսօր առավոտյան մեկնեց շուրջ 2 հարյուր արցախցի։ Ամեն օր Երևանի քաղաքապետարանից դեպի Ստեփանակերտ անվճար ավտոբուսներ են մեկնելու։

Արևիկ Աբրահամյանը Ասկերան է վերադառնում վախը սրտում։ Ամեն ինչ էլ մտքով անցնում է, երեխաների համար էլ անհանգիստ է, անկեղծանում է՝ «մենք գնում ենք մեր հողին ու տներին տեր կանգնենք», անվտանգության մասին էլ, ասում է՝ թող իշխանավորները հոգ տանեն։

«Ոնց որ արել են իրենք էլ թող մտածեն, ապրելը դժվար ա, վախենալով էլ լինի ապրելու են երեխաները: Վտանգավոր ա, բայց չգնանք՝ որտե՞ղ ապրենք», - ասաց Աբրահամյանը:

Լաուրա Բաբայանն ու ամուսինը Ճարտար են հետ գնում մռայլ մտքերով։ Պատերազմը կարող էին ավելի շուտ կանգնեցնել, զոհերն էլ քիչ կլինեին, ասում են արցախցի ամուսինները. «Կարող էին ավելի շուտ որոշում կայացնել, չարին, իհարկե, կարող էին: Եթե էդքանը տալիս են, տալիս են, մի քիչ շուտ կանգնեցնեին էլի, մեղք չեն էդ 18 տարեկան էրեխեքը»:

Բայց Շուշիի հարցում նրանք լավատես են։ Դեռ հույս ունեն, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել. «Հույս ունենք, որ Շուշին իրանց չեն տա, էդ հույսով ենք ապրում»:

Նարինե Բաբայանը Ստեփանակերտում ռուսերենի ուսուցչուհի է։ Պատերազմի հետևանքների վերաբերյալ հարցեր շատ ունի, քննարկել չի ցանկանում։ Ամենաշատը ցավում է զոհերի համար։

«Եթե էս պայմանագիրը, էս խաղաղությունը կարելի էր, ուրեմն պետք էր ժամանակին, էսքան ուշացնել պետք չէր», - նշեց Նարինե Բաբայանը:

«Վտանգավոր լինի-չլինի, գնում ենք, Երևանում ո՞ւր մնանք», - ասում է Իննա Սարուխանյանը, Ստեփանակերտի իրենց տունն էլ է հրետակոծվել. «Դե վտանգավոր ա՝ վտանգավոր չի պիտի գնանք, ուրիշ տարբերակ չունենք, եթե լիներ ուրիշ տարբերակ կօգտագործեինք: Մեր տունն էլ ա հրետակոծվել, ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան էլ չունենք, բայց պիտի գնանք»:

Վերջին ավտոբուսում Զարուհի Ստեփանյանին տեղ չեղավ։ Լալիս էր, որ չհասցրեց շուտ հասնել Ասկերան՝ որդիներին. «Էլ չեմ համբերում, մի ամիս ա Երևանում եմ, արդեն սիրտս կտոր-կտոր ա լինում, էրեխեքս ընդեղ են, դրա համար հուզվեցի էլի»:

Գնալու տեղ չուներ շուշեցի Արթուրը։ 44 օր առաջ դուրս է եկել ծննդավայրից և դեռ չգիտի՝ ուր վերադառնա։

XS
SM
MD
LG