Մատչելիության հղումներ

«Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, նոր փուլի սկիզբն է», - շեշտում է The National Interest-ը


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտերի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտերի ժամանակ, հոկտեմբեր, 2020թ.

Այսօր ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբ է, ընդգծում է The National Interest ամսագիրը, որը պաշտպանական և անվտանգության հարցերով մասնագիտացված հանդես է:

Անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանն ու դրան անմիջապես հաջորդած իրադարձություններին՝ հանդեսը նշում է, որ Հայաստանում մարդկանց զայրույթը հասկանալի է, համաձայնագիրը Հայաստանի համար աղետալի է` Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարավային տարածքների զգալի մասը, Ղարաբաղը շրջապատող ռազմավարական առանցքային շրջանները, մշակութային կենտրոն Շուշիից դուրս եկած մարդկանց հավանական է չթույլատրեն վերադառնալ: «Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի ավտորիտար բռնակալը, որը պատերազմը վարում էր իսրայելական դրոններով, սիրիացի վարձկաններով, թուրքական F-16-երով և սեփական հատուկ զորքով, չարախնդում է: Նա ասել է, թե երաշխիքներ չկան, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը շարունակի գոյություն ունենալ», - գրում է The National Interest-ը:

Գործարքը, որը, ինչպես հաղորդվում է, բանակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ոչ միայն նախատեսում է ռուսական և թուրքական զորքերի տեղակայում, այլ նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղի, որը կկապի Նախիջևանի անկլավը Ադրբեջանին: Ալիևն ասել է, որ համաձայնագրում այդ կետն ավելացվել է իր պնդմամբ:

The National Interest-ը գտնում է, որ այդ երկու փաստերը շատ խնդրահարույց են և պետք է հարցականի տակ դրվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

«Իսրայելում գերմանական զորքերի տեղակայումը, Կորեայում՝ ճապոնական զորքերի, կամ Լիբիայում՝ իտալական զորքերի տեղակայումը պատմականորեն անընդունելի կլինի ընկալելու համար: Թույլատրել, որ թուրքական զորքերը լինեն Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջաններում, ավելի վատ է, քանի որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել հայերի ցեղասպանությունը, քանի որ Էրդողանը և նրա կառավարությունում շատ տարրեր շարունակում են խոսել կրոնական պատերազմների լեզվով: Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերն Էրդողանը կոչում է «Մուհամեդի բանակ», իսկ Yeni Akit իսլամական թերթը գրել է. - «Գնա ասա անհավատներին՝ Մուհամեդի բանակը վերադարձել է», - նշում է The National Interest-ը:

«Պատճառներ չկան, որ Թուրքիան որևէ դերակատարություն ունենա հակամարտությունում: Նրան թույլատրելը նշանակում է պարգևատրել թուրքական ագրեսիան, հաստատել Էրդողանի պանթուրքիզմի զառանցանքները, խրախուսել նրա հետագա մարտահրավերները մեկդարյա վաղեմության սահմանների ուղղությամբ», - ընդգծում է պարբերականը:

The National Interest-ը նշում է, որ Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի խմբի գործընթացին, որը ձգտում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտին հասնել բանակցությունների միջոցով:

«Այն փաստը, որ Միացյալ Նահանգները տեղ չգտավ Ռուսաստանի առանձին համաձայնագրում, ընդգծում է բազմակողմ խմբերին ապավինելու անմտությունը և Ռուսաստանի հաղթանակն է հանդիսանում», - ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ը գուցե տվել է իր համաձայնությունը մի պայմանագրի, որը, նրա գնահատմամբ, ուժեղացնում է Ռուսաստանին, խարխլում ծնվող ժողովրդավարությունը, ընդգծում Պետդեպարտամենտի նվաստացումն ու ռազմավարական շփոթությունը:

«Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ ամոքել իր վերքերը: Վաշինգտոնում ոչ ոք չպիտի շփոթի հանդարտությունը խաղաղության հետ: Ցուցադրելով իր անբարեխղճությունը Մինսկի խմբում և սկսելով էթնիկ նոր զտումներ՝ Ադրբեջանը հակամարտության նոր փուլի հող է նախապատրաստում: Հայաստանին նվաստացնելու նրանց ջանքերը այնտեղ ավելի պոպուլիստ կառավարությունների հող կստեղծեն, որոնք կսպասեն վրեժխնդրության հնարավորությանը: Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբն է», - ամփոփում է The National Interest-ը:

XS
SM
MD
LG