Ֆրանսիան` եռակողմ համաձայնագրում տեղ չգտած` Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հայկական ուժերը մի շարք շրջաններից դուրս բերելու մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը չմասնակցած հակամարտության կարգավորման միջնորդները հայտարարությամբ են հանդես եկել։
Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին:
Պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադառնում է Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։
«Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը` կարծիք հայտնելով, որ նախկինի պես անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսում, բացի հայտարարված հրադադարի մասին համաձայնագրից:
Նրա խոսքով՝ այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով երկրների միջև «մարդկային, մշակութային և պատմական կապերը»: «Մենք Հայաստանի կողքին ենք այս դրամատիկ պահին։ Մենք կհոգանք, որպեսզի Հայաստանին ցուցաբերենք անհրաժեշտ հումանիտար աջակցություն»,- վստահեցրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Ժան-Իվ Լե Դրիանը, ընդգծելով ռազմական, մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը և աջակցություն հայտնելով դրա շուրջ պայմանավորվածությանը, հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստորեն կպահպանվեն, և նրա հարձակումն անմիջապես կդադարեցվի։ Այս համատեքստում մենք խնդրում ենք Թուրքիային չանել մի բան, որը հակասում է այդ գերակա նպատակին»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը։
Վաշինգտոնում ուրախ կլինեին տեսնել Լեռնային Ղարաբաղում բռնությունների դադարեցում
Միացյալ Նահանգների դիվանագիտական կառույցն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների մասին: Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն ներկայացուցչի մեկնաբանությունը, որը, ըստ լրատվամիջոցի, ասել է, թե ամերիկյան վարչակազմն ուրախ կլիներ Լեռնային Ղարաբաղում տեսնել ռազմական գործողությունների դադարեցում․ «Թեև մենք ուրախ կլինեինք տեսնել բռնությունների դադարեցում, այդուհանդերձ դեռևս չենք կարող մեկնաբանել կրակի դադարեցման մանրամասները կամ հաջորդ քայլերը։ Նոր պայմանավորվածությունների ընդունման վերաբերյալ ցանկացած հարց հենց իրենց {կողմերին} պետք է ուղղել»,- ՏԱՍՍ գործակալությանն ասել է ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը, որի անունը չի նշվում։
Բրյուսելից հորդորում են շարունակել բանակցությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ողջունելով եռակողմ պայմանավորվածությունը, նշել է, որ այն թույլ կտա կանխել հետագա մարդկային զոհերը և հնարավոր է՝ կդառնա հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված քայլ։ «Այժ պահանջվում է շարունակել բանակցությունը երաշխավորելու կարգավորման կայուն բնույթ», - նշել է նա։
ՄԱԿ-ը թեթևությամբ է ընդունել եռակողմ համաձայնության մասին լուրը
ՄԱԿ-ը ոչ միայն ողջունել, այլ նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին այն ամենի համար, ինչ արել են՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը թեթևությամբ է ընդունել, որ համաձայնությունը ձեռք է բերվել»,- փոխանցել է Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ հավելելով, որ այդ թեթևությունը պայմանավորված է խաղաղ բնակչության տառապանքների ավարտի հույսով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը տեղեկացրել է նաև, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցել քննարկումներին, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ կապի մեջ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը` հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել համաձայնագրին:
Թեհրանը հիշեցնում է զինյալներին տարածաշրջանից դուրս բերելու անհրաժեշտության մասին
Հակամարտող կողմերի սահմանակից և հարևան Իրանն իր հերթին հույս է հայտնել, որ համաձայնագիրը կհանգեցնի Կովկասում կայուն խաղաղության: Արտգործնախարարության հաղորդագրությամբ պաշտոնական Թեհրանն ընդգծում է նաև փոքրամասնությունների անվտանգության և իրավունքների հարգման, ինչպես նաև տարածաշրջանից օտարերկրյա զինյալների դուրբսերման անհրաժեշտությունը: