Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին Հայաստանի թիկունքում, ինչպես Լենինն ու Աթաթուրքը, նշում են քաղաքագետները


Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական՝ Kremlin.ru կայքէջից, Պուտին-Էրդողան հանդիպում, 19 հունվարի, 2020թ., Բեռլին
Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական՝ Kremlin.ru կայքէջից, Պուտին-Էրդողան հանդիպում, 19 հունվարի, 2020թ., Բեռլին

Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ պայմանավորվեցին Հայաստանի թիկունքում, և Լեռնային Ղարաբաղում զինադադարի նկատմամբ վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը դրա վկայությունն է, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանն ու Ռուբեն Մեհրաբյանը։

Ռուբեն Մեհրաբյան
Ռուբեն Մեհրաբյան

Վերջինս հավելեց` պատերազմը ցույց տվեց, որ պետք է վերանայվի Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ վերաիմաստավորելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, սակայն այսօրվանից հարկ է ջանք գործադրել, որպեսզի գործընթացում Հայաստանը լինի թեկուզ փոքր, բայց սուբյեկտ. «Այստեղ թուրքական գործոնի առկայությունն ուղղակի անժխտելի է, և այն, որ այս պայմանավորվածության շուրջ Ռուսաստանը պերմանենտ բանակցությունների և խորհրդակցությունների մեջ է թուրքական կողմի հետ, դա ռուսական կողմն էլ չի հերքում: Այսինքն` ռուսական կողմը չի կարող հաշվի չնստել թուրքական գործոնի հետ այնպես, ինչպես և թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ռուսական կողմի հետ: Մնացածն արդեն որոշում է ուժերի հարաբերակցությունը»:

Զինադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից, ըստ էության, ժամեր անց՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում զինադադարի նկատմամբ վերահսկողության համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության` կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում և զբաղվելու է զինադադարի պահպանման մասին տեղեկության հավաքմամբ, ստուգմամբ։ Կենտրոնը հանդիսանալու է նաև այն մարմինը, որը քննարկելու է զինադադարի պայմանավորվածություն հետ կապված հարցերը, խնդիրները, գանգատները։

«Այն, որ Ռուսաստանն այսօր դիմագրավում է Արևմուտքին, դա գաղտնիք չէ, և շատ դեպքերում արտաքին քաղաքական քայլերը Ռուսաստանի պայմանավորված են այդ տրամաբանությամբ: Թուրքիայի պարագայում դա ինքնահաստատվելն է աշխարհաքաղաքական այդ խաղատախտակի վրա որպես մեծ տերություն: Դա է Էրդողանի ամբիցիան` որպես նոր Օսմանյան կայսրություն: Եվ այստեղ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ իր հարևանների հետ, նաև իր դաշնակիցների հետ, և այստեղ կա շատ լայն դաշտ, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի շահերն այդ մեծ աշխարհաքաղաքականության մեջ համընկնում են», - նշեց Մեհրաբյանը:

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյանի խոսքով` ռուս-թուրքական այս պայմանավորվածությունը նշանակում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխվել է Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունների ձևաչափ. «Դա, այո, հայ ժողովրդի անվտանգության համար լուրջ վտանգ է ու առաջին հերթին արցախահայության, քանի որ Թուրքիան չի փոխել իր կարծիքը նույնիսկ այսօր, երբ որ 7 տարածքներ վերադարձվում են Ադրբեջանին, երբ որ Ղարաբաղի ⅓-ը վերադարձվում է Ադրբեջանին, նույնիսկ այդ դեպքում իրենք ասում են ու պնդում են, որ ուժով պետք է լուծվի այդ հարցը»:

Գրիգորյանն ուղիղ համեմատություն տարավ Պուտին-Էրդողան պայմանավորվածության և մեկ դար առաջ տեղի ունեցած Լենին-Աթաթուրք գործարքի միջև. «Մեզ համար գլխավոր դավաճան է Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը փոխանակ պատերազմի ժամանակ մեջ աջակցի, գոնե ռազմատեխնիկական առումով, զենք տա, որը պարտավոր էր տալ, պարտավոր էր պայմանագրերի համաձայն աջակցել, դրա փոխարեն Ռուսաստանն իր շահերն առաջ էր տանում. ինչ-որ զորք բերեց այստեղ խաղաղապահների անվան տակ: Ավելին ասեմ` այս զորքի բերումը ռուսական ոչ մի խաղաղության հարց չի լուծի, շատ արագ դա կպարզվի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG