Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերն առաջանալու փորձ են ձեռնարկել, սակայն հետ են շպրտվել, տեղեկացնում է ՊԲ-ն


Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը (ՊԲ):

Նշվում է, որ մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: «Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ», - հայտնում է Պաշտպանության բանակը` հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան էլ, ըստ ՊԲ-ի, ադրբեջանական ԶՈւ-ն վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: «ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելել է, որ պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով. «Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

XS
SM
MD
LG