ARD գերմանական հեռուստակայանին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է պաշտոնական Բաքվի ավանդական պնդումներն այն մասին, թե միշտ հայերն են եղել նախահարձակը, հայերն են երեք անգամ խախտել հրադադարը:
Նա ասել է, թե Բաքուն իբր պատրաստ է հենց հիմա դադարեցնել կրակը, եթե հայկական կողմն ընդունի Ադրբեջանի պահանջները: Եվ իհարկե, վաղեմի սովորության համաձայն, Ալիևը հայտարարել է, թե հայերը եկվորներ են, Ղարաբաղում են հայտնվել 200 տարի առաջ:
«Ուրեմն, պատմաբանների մեծ մասը սխա՞լ է գրում»,- հարցրել է լրագրողը:
«Այո, համապատասխան նյութեր գտեք ինտերնետում, 200 տարի առաջ ռուսներն են հայերին տեղափոխել Ղարաբաղ՝ այդ երկրամասի ազգային-կրոնական պատկերը փոխելու համար»,- պնդել է Ալիևը:
«Ինչո՞ւ եք դուք կասետային հրթիռներ օգտագործում: Amnesty International-ը և Human Rights Watch-ը ներկայացրել են ապացույցներ»:
Պատասխանելով այդ հարցին` Ալիևն ասել է, թե Ադրբեջանը չի գործադրում այդ զենքը և միայն պաշտպանվում է: «Մենք հրավիրել ենք Amnesty International-ին և Human Rights Watch-ին, դժբախտաբար, այդ կազմակերպություններն իրադարձությունները լուսաբանում են միայն Հայաստանի տեսակետից և կողմնակալ են»,- ասել է Ալիևը:
Նեղվելով զենքի մասին հարցերից` նա պնդել է, թե արևմտյան իրավապաշտպան կառույցներն անհիմն մեղադրել են Ադրբեջանին մարդու իրավունքները խախտելու համար, մինչդեռ, լռել են, երբ Հայաստանում ձերբակալել են ընդդիմադիր առաջատար կուսակցության ղեկավարին և դատական գործեր են հարուցել նախկին նախագահների նկատմամբ: «Այդ կազմակերպությունները չեն ուզում դա տեսնել, քանի որ դրանցում կան ծագումով հայեր, այդ կազմակերպությունների նպատակն է վարկաբեկել, վնաս հասցնել Ադրբեջանի հեղինակությանը»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը գերմանացի լրագրողին նաև ասել է, թե Լեռնային Ղարաբաղից արտաքսված 40 հազար ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տներ:
«Այնտեղ կլինի ինքնավարություն առանց Ադրբեջանի ազդեցությա՞ն, դա ծրագրի մի բաղադրիչն է»,- հարցրել է լրագրողը:
«Հիմա իրականությունը փոխվել է»,- արձագանքել է Ալիևը:
«Բայց դուք պատրա՞ստ եք դա քննարկել»,- համառել է լրագրողը:
Ալիևը կրկնել է, որ հիմա պետք է բանակցել նոր իրավիճակի տեսակետից, քանի որ ստատուս քվոն փոխվել է: Նա նորից պնդել է, թե ինքնավարության վերաբերյալ նախկինում ոչ մի համաձայնություն չի եղել, ապա ինքն իրեն հակասելով ասել է, թե «երբ Ադրբեջանը դա առաջարկում էր, Հայաստանը մերժում էր»:
Ծավալուն հարցազրույցում Ալիևը խոսել է նաև երրորդ երկրների գործոնի մասին: Նա ընդունել է, որ Անկարան սատարում է Ադրբեջանին, «բայց Բաքուն միայնակ է կռվում»:
«Եթե երրորդ երկիր միջամտի, Ադրբեջանը Թուրքիայի օգնությունը կհայցի՞», - հարցրել է գերմանացի թղթակիցը:
«Սա կռիվ է մեր ու Հայաստանի միջև, մենք դեմ ենք երրորդ ուժերի միջամտությանը»,- պատասխանել է Ալիևը:
Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է դադարեցնի պատերազմը, քանի որ ՄԱԿ-ը ընդունել է 4 բանաձև, Մինսկի եռյակը՝ աշխարհի երեք առաջատար պետություններ, ոչինչ չեն արել այդ բանաձևերը կյանքի կոչելու համար:
«Որտեղի՞ց Հայաստանին ադքան զենք ու զինամթերք, ես մեկ ամիս է` ինքս ինձ եմ հարցնում ու դեռ չունեմ պատասխան, Հայաստանն աղքատ երկիր է»,- ասել է Ալիևը:
Լրագրողը ենթադրություն է հնչեցրել՝ ասելով, թե Ռուսաստանն է դա անում: Էլ ո՞վ պետք է լինի:
«Չգիտեմ, հարց եմ տալիս, չեն պատասխանում, դրա համար կշարունակեմ այդ հարցը տալ»,- ասել է Ալիևը: