Մատչելիության հղումներ

Ռուսաստանը անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք


Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում: Այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են՝ հստակ գործողություններ ձեռնարկեն, եթե ի հայտ է գալիս ռազմական հարձակման կամ ագրեսիայի վտանգ, որը սպառնում է կողմերից որևէ մեկի տարածքին», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը նամակ էր հղել Ռուսաստանի նախագահին և առաջարկել անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար ՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկին կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունը և վերադառնալ բովանդակալից բանակցությունների՝ հիմնարար սկզբունքների և Մոկսվայում Հոկտեմբերի տասին ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն էլ Риа Новости գործակալության հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին, ասել է՝ Երևանը կարող է ռազմական աջակցություն խնդրել Մոսկվայից։

«Խոսքը նաև հնարավոր ռազմական օգնության մասին է, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ժամանակ», - նշել է Հայաստանի դեսպանը։

«Մենք կարծում ենք, որ վտանգն անմիջապես մեր սահմանների մոտ է, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեր տարածքում, այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ կարող ենք մեր միջպետական համաձայնագրերին համապատասխան խորհրդակցություններ անցկացնել՝ անհրաժեշտ օգնության տեսակները, ծավալն ու մյուս դետալները քննարկելու համար», - ընդգծել է Վարդան Տողանյանը։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումը և Ռուսաստանի արտգործնախարարության պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»։

Թե հատկապես ինչ գործընթացի՝ Ռուբինյանը չի հստակեցրել։

«Թուրքիայի կամ Ռուսաստանի զինված ուժերի միջամտությունն այս պահին էականորեն կթեժացնի հակամարտությունը», - «Ֆրանսպրես»-ին ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն։

Ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ այս փուլում Ռուսաստանը կարող է Գյումրիում տեղակայված իր բազայի զորանոցներից դուրս բերել զորքի մի մասը և ամրապնդել Հայաստանի սահմանների պաշտպանությունը։

XS
SM
MD
LG