Մատչելիության հղումներ

Չնայած հրադադարի պայմանավորվածությանը` Արցախի բնակավայրերում լսելի են կրակոցների ձայները


Չնայած հրադադարի երրորդ պայմանավորվածությանը` Արցախի տարբեր բնակավայրերում լսելի են պայթյունի ձայները:

Սարուշեն համայնքը երեկ էր թիրախավորվել Ադրբեջանի կողմից: Գյուղում երեկվա հրթիռակոծության հետևանքը այգիներից մեկում է` մեկ մարդաչափ փոս: Այսօր էլ հեռվից կրակոցի ձայները լսելի էին։

«Երեկ է եղել, մոտավորապես ժամը 5-ի կողմերը, գյուղի ներքևն են խփել: [Կրակի ձայները] լսելի են, ու հիմա էլ շարունակվում է: Կոնկրետ մեր գյուղի վրա այսօրվա դրությամբ ռումբ չի եղել, գյուղի մեջ, բայց կողմերն ընկել է, բայց հարևան գյուղերը երեկ էլ, էսօր էլ ընկնում է», - պատմում է Սարուշենի ղեկավար Կարեն Գասպարյանը:

Սարուշենից հետո լրագրողների խումբը պետք է շարժվեր Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղ, սակայն վերջին րոպեներին մեզ տեղեկացրին` գյուղն անվտանգ չէ. հարակից Մարտունի քաղաքի վրա, պաշտոնական տեղեկության համաձայն, ադրբեջանական կողմն այսօր ավիացիա էր կիրառում:

Արցախի մայրաքաղաքում հրադադարի արդեն երրորդ պայմանավորվածությունից հետո նախորդ օրերի պես իրադրությունը հարաբերական հանգիստ է: Ստեփանակերտցիների մի մասը դեռևս թերահավատորեն են վերաբերվում կրակի դադարեցման հերթական պայմանավորվածությանը. - «Էտ զրույց է, էտ լոխ զրույց է, թող ձեռ քաշին մեզանի թուրքերը, մարդ են չէ՞, թող ապրեն էլի»:

«Աշխատավոր ժողովուրդը մանավանդ շատ ենք ուզում, ազգությունից տարբեր ես կարծում եմ` ադրբեջանցիները ևս կուզենան, ժողովուրդը, որ հրադադարը լինի, որ պատերազմը չլինի, քանի որ պատերազմը կյանքեր է կործանում», - ասում է տեղացիներից մյուսը` հավելում` չեն հավատում, որ երրորդ հրադադարի ռեժիմը ադրբեջանական կողմը կպահպանի. - «Չենք հավատում: Արդեն երրորդ անգամն է, չենք հավատում… Շատ հուսահատված եմ, չգիտեմ, բայց մենք հաղթելու ենք, մեր երեխեքը լավ են մեզ պաշտպանում»:

«Հանգուցալուծումն պետք է լինի դրական, անպայման պետք է լինի դրական, քանի որ սա արդեն աշխարհի կործանում կլինի, որ դրական պիտի լինի, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, պատերազմը պետք է վերջանա: Եվ ուզում եմ իմ ձայնը հասնի Էրդողանին, Էրդողանը հասկանա, որ կյանքն անցողիկ է, որ չպետք է էսպիսի վատ-վատ բաներ կատարել, չի կարելի, մի՛ սպանեք, թող ոչ մի ծնող չկորցնի իր որդուն», - կանանցից մյուսի կոչն է:

Միաժամանակ ստեփանակերտցիները հաղթանակի վրա վստահ են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG