«Տեղափոխությունը ինքնին խնդրահարույց է, քանի որ մարդը իր բնական միջավայրից, իր տուն-տեղից ու դրանով պայմանավորված բազմաթիվ զրկանքների է ենթարկվում», - նշեց Արտակ Բեգլարյանը։ - «Դա կլինի կեցության հետ կապված, սննդի, այլ առաջնային կարիքների ապահովման հետ կապված, որոնք ենթադրաբար ծագում են բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված։ Եվ երեխաների իրավունքների վրա բացասական ազդեցությունը այդ ուղղություններից մեկն է, հետևանքներից մեկն է, որը նաև պայմանավորված է կրթության իրավունքով։ Բայց միայն դա չէ, քանի որ երեխայի զարգացման ժամանակ շատ կարևոր է, որ ինքը իր բնական միջավայրում լինի, պաշտպանված լինի, ապահովված լինի»։
Կարապետյանները այն 90 հազար արցախցիներից են, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ խաղաղ բնակավայրերի շարունակական թիրախավորման հետևանով։
Նանար Կարապետյանը Շուշիից է։ Երկու երեխաների հետ այժմ Երևանում է․ - «Ամուսինս զինվորական է, անմիջապես հասկացավ, ասեց՝ պատերազմ ա սկսում, իջեք նկուղ։ Ամեն ինչ հասկացանք։ Որ հարձակում է եղել ինչպես միշտ անմարդկային ձևով։ Էեխեքը լացում էին, հարևանները գալիս պատմում էին՝ թե որ կողմի վրա են հարձակվել, ինչ դժվարություն ա տղի ունեցել։
Ասաց, որ չի դադարում մտածել սահմանին գտնվող հարազատների մասին․ - «Ախպերներս, ամուսինս, ամուսնուս եղբայրները, հորաքրոջս տղաները, բոլորը․.. մի բուռ ազգ ենք, բոլորս մեկս մեկին բարեկամ, հարազատ»։
Այս ընտանիքի միակ ցանկությունը խաղաղությունն է ու շուտափույթ Շուշի վերադառնալը․ - «Մենք մեր տանը մեր ընտանիքի անդամների հետ շատ երջանիկ ապրում ենք։ Ուրիշ բան չեմ ուզում, մենակ խաղաղություն լինի, մենք վերադառնանք մեր տները»։
7-ամյա Մանվելը հարցին, թե Շուշի հասնելուն պես ինչ է անելու, ասում է․ - «Կուրախանամ։ Ես կարոտել եմ իմ քաղաք, ես կարոտել եմ իմ պապայիս, ուզում եմ շուտ վերադառնանք մեր տուն»
Մանվելի ավագ եղբոր՝ Սևակի համար էլ մուլտֆիլմերին ու մանկական հաղորդումներին փոխարինել են լուրերի թողարկումները։ Տասնամյա երեխան ոչ մի օր բաց չի թողնում․ - «Իմանամ ինչ ա եղել, ինչ չի եղել։ Ապրիլյանին էլ, ես վեց տարեկան էի, բայց էլի նստում էի, հետևում էի․․․»
Նա ցույց է տալիս իր գրած բանաստեղծությունների փոքրիկ գիրքը։ Ծնողներն են ծննդյան օրը անակնկալ մատուցել․ - «Իմ հաջորդ գիրքը ուզում եմ նվիրվի էլի զինվորների, ուզում եմ մի քիչ հաստ լինի ու զինվորական կազմով»։
Երկրորդ գրքի առաջին բանաստեղծությունը արդեն գրել է։ Սեպտեմբերի 27-ին։ Նկուղում։