Ադրբեջանական կողմը երեկ կրկին հրետակոծել էր Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը: Երեկոյան էլ այստեղ բավականին լարված է, լսելի են կրակահերթերի ձայներ: Գյուղացիներն ասում են, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ այստեղ դիվերսիոն փորձեր է կազմակերպում:
«Դիվերսիոն խմբեր են էլի, որ ուզում են մտնել գյուղը, մերը վերջին գյուղն ա էլի համարյա, Ղարաբաղի վերջին գյուղը մերն է: Լավ ա, լավ ա [զինվորների բարոյահոգեբանական վիճակը], դուխով», - ասում են նրանք:
Այսօր գիշերվա ընթացքում էլ է Ավետարանոց գյուղը հրետակոծվել: Տեղացիները ցույց են տալիս արդյունքները` տների ապակիները փշրվել են:
Ադրբեջանական կողմը, ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, հրետանի է կիրառել նաև Մարտունու շրջանի Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն ու Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ: Գյուղում վնասներն ամենուր են:
«Էս էսօր է եղել, նայել եմ, տեսել, որ ընկել է մոտավորապես էստեղ, եկել եմ, որ տեսնեմ` ինչ են անում մեր թշնամիները: Սա հարսանյաց սրահ է, մի հատ էլ այստեղից է խփել, երկու հատ է ընկել: Սաղ կողքի գյուղերն էստեղ էին հարսանիքներ անում, ուրախություն ա, տխրություն է: Դե ոչինչ, պատասխան կտան իրենք», - ասում է սեփականատերը:
Հրետակոծման ենթարկված բնակավայրերում, ըստ պաշտոնական տվյալների, քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան:
Ադրբեջանն իր հերթին այսօր հայտարարեց, որ հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի, Թերթերի և Աղջաբեդի շրջանների ուղղությամբ։