Մատչելիության հղումներ

Արցախի ճանաչման հարցը ֆրանսիացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունների շարքում է


Արցախի ճանաչման հարցը ֆրանսիացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունների շարքում է, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ֆրասիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հիմնադրած կուսակցության պատգամավոր, ազգությամբ հայ Գիոմ Գասպարյանը (Guillaume Kasbarian)։ Պատգամավորը, սակայն, ընդգծեց՝ այս պահին ամենաառաջնայինը ռազմական գործողությունների դադարեցումն է։

«Անշուշտ, Արցախի ճանաչման հարցը նախաձեռնությունների շարքում է։ Նախաձեռնությունները ստորագրված են տարբեր թևերի պատգամավորների կողմից։ Բայց դուք գիտեք, որ բոլոր խորհրդարանները բավականին խիտ ծրագրեր ունեն, և թե երբ կլինի այդ հարցը օրակարգում դրված և քննարկման ենթակա բավականին շատ մեխանիզմների հետ է կապված։ Սակայն մինչ այդ բոլոր հարցերը քննարկվում են, կարևոր նշանակություն ունեցող հարցերից ռազմական գործողությունների դադարեցումն է և հրադադարի պահպանումը», - նշեց նա։

Գասպարյանը Հայաստան ժամանած ֆրանսիացի մի խումբ պատգամավորների հետ այսօր ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Դեռ հստակեցված չէ, թե պատվիրկությունն Արցախ այց կիրականացնի, թե ոչ, չնայած այցի նպատակը ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին ծանոթանալն է։ Ֆրանսիայի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը ներկայացնող Գասպարյանի կարծիքով՝ Հայաստան այցելած ֆրանսիացի պատգամավորների թիվը միայն՝ 15 խորհդարանական, խոսում է այն մասին, թե Ֆրանսիայում ինչքան անհանգստացած են ընթացող պատերազմով և որ աջակցում են Հայաստանին ու Արցախին. - «Մեր օրակարգը դեռ վերջնական հաստատված չէ։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Բոլորիս մոտ Արցախ գնալու մեծ ցանկություն կա։ Մենք ցանկանում ենք գնալ և անձամբ տեսնել իրավիճակը, բայց նաև չենք ցանկանում բեռ դառնալ այն մարդկանց համար, ովքեր պետք է մեզ ուղեկցեն, խոսքը նաև զինվորական և բժշկական ռեսուրսների մասին է, եթե Աստված չանի, դրանց կարիքը լինի։ Եվ եթե մեզ ասվի, որ անվտանգության առումով նպատակահարմար չի այցը, մենք հետ կկանգնենք մեր նպատակից, թեպետ մեր առաջնային նպատակն է եղել գալ և գնալ Արցախ։ Ես մեկ տարի առաջ եղել եմ Արցախում, այստեղ ներկա պատգամավորներից շատերը բազմիցս եղել են Արցախում։

Ես պետք է ասեմ, որ ցանկացած դեպքում մեր օրակարգում նախատեսված են ոչ միայն արարողակարգային հանդիպումներ պաշտոնյանների հետ, այլ նաև հանդիպումներ զինվորների, վիրավորների և նրանց ընտանիքների հետ»։

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանականների այցը Հայաստան: «Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է և որպես միջնորդ պետք է չեզոք լինի, այս այցը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի անկողմնակալությունը»,- ասել է Հաջիևը:

Տևական ժամանակ ֆրանս-թուրքական լարված հարաբերությունները կրկին սրվեցին երեկ։ Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանյուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող մեկնաբանություններից հետո։

Պատգամավոր Գիոմ Գասպարյանն այսօր կարծիք հայտնեց, որ էրդողանի հայտարարությունները պետք է դիտարկել որպես Թուրքիայի պատասխան Մակրոնի կողմից հնչեցվող քննադատություններին. - «Ինչպես արդեն ասվել է Ելիսեյան պալատից, Ֆրանսիան նպատակ չունի պատասխանել նման սադրանքների կամ մեկնաբանել էրդողանի հնչեցրած ձևակերպումները։ Մենք հասկանում ենք, որ դրանք միայն սկանդալային բնույթ կրող բանաձևումներ են, և դա պետք է դիտարկել Էմանյուել Մակրոնի վերջին հայտարարությունների համատեքստում։ Ֆրանսիայի նախագահը երբեևէ չի հապաղել իրերն իրենց անունով կոչելու հարցում և իր վերաբերմունքն է հայտնել Թուրքիայի գործողությունների մասին Կիպրոսում և ինչու ոչ Արցախում։ Այո, Անկարայից հետ է կանչվել դեսպանը, բայց մենք այս պահին այստեղ չենք, որպեսզի նման սադրանքերին արձագանքենք»։

Ֆրանսիայի պատգամավորների 17 հոգանոց պատվիրակությանն այսօր ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

XS
SM
MD
LG