Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հետ է կանչում դեսպանին, Անկարայից պահանջում վերջ տալ «անպատասխանատու պահվածքին» Ղարաբաղի հարցում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն մինչև տարեվերջ», - շեշտել է Ելիսեյան պալատի պաշտոնյան:

Շաբաթ օրը Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանյուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո։

Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցը վիճում են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` ծովային իրավունքները Միջերկրականի արևելյան հատվածում, Լիբիայում, Սիրիայում և վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտության շուրջ: Բայց Անկարան այժմ հատկապես վրդովվել է Մակրոնի կողմից սկսված արշավից՝ պաշտպանելու Ֆրանսիայի աշխարհիկ արժեքները արմատական իսլամից, բանավեճ, որը նոր թափ է ստացավ այս ամիս ուսուցչի սպանությանից հետո։ Ուսուցիչն իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեին պատկերող նկար:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ընթացքը, քանի որ դա ամեն առումով վտանգավոր է», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը: Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար և հանդիպելու է նախագահ Մակրոնին՝ քննարկելու իրավիճակը:

Ելիսեյան պալատի պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ Ֆրանսիան նկատի է առել նաև հանգամանքը, որ ուսուցիչ Սամյուել Փաթիին գլխատելուց հետո Թուրքիայի նախագահի կողմից ցավակցության և աջակցության մասին հաղորդագրություն չի ստացվել:

Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են պետք:

«Ի՞նչ խնդիր ունի Մակրոն կոչվող անհատը իսլամի ու մահմեդականների հետ», - հարցրել է Էրդողանը՝ հավելելով. - «Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի»: Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ չի կարծում, թե Մակրոնը հաղթի 2022-ի ընտրություններում:

Ելիսեյան պալատի պաշտոնյան ասել է, որ Էրդողանը երկու ամիս ժամանակ ունի պատասխանելու դիրքորոշման փոփոխության պահանջներին և վերջ տալու իր «վտանգավոր արկածներին» Միջերկրական ծովի արևելքում և «անպատասխանատու պահվածքին» Ղարաբաղի հարցում, որտեղ Անկարան ուժեղ աջակցում է Բաքվին: «Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն մինչև տարեվերջ», - շեշտել է պաշտոնյան:

XS
SM
MD
LG