Պատերազմը երկարաձգվում է, իսկ Ռուսաստանն ունի այն դադարեցնելու ներուժ։ Ինչո՞ւ պետք է Արցախի ղեկավարը չդիմեր Վլադիմիր Պուտինին։ Պետք է իրատես լինել, ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը. - «Որ մենք տեսնում ենք, որ պատերազմը երկարում է, կարող է դառնալ տարածաշրջանային, գլոբալ, քանի դեռ հնարավորություն կա, պետք է կանգնեցնել և մարդասիրական տեսակետից, և աշխարհաքաղաքական: Դրա համար մենք դիմել ենք մեր եղբայրական երկրի նախագահին»:
Երեկ՝ պատերազմի 27-րդ օրը, Արցախի նախագահը բաց նամակով դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում»,- իր նամակում նշել էր Արայիկ Հարությունյանը։
Եթե Ռուսաստանն ունի պատերազմը կանգնեցնելու ներուժ, այդ դեպքում ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը տարածաշրջանում ու աշխարհում հեղինակություն վայելող Վլադիմիր Պուտինից աջակցություն չխնդրեց պատերազմի առաջին օրերին, երբ մարդկային կորուստներն ավելի քիչ էին, հարցրինք Հարությունյանի խորհրդականին: «Կապ չունի, կանխատեսումների հարց չի այստեղ, այստեղ հիմա մենք չպետք է մտնենք շահարկումներ, որ ժամանակահատվածն էր ճիշտ, ինչո՞ւ այն ժամանակ չդիմեցինք, ինչո՞ւ հիմա դիմեցինք, կարևորը որ դիմել ենք, և եթե դա օգնի մարդկային կյանքեր փրկել, սա է ամենակարևորը», - ասաց Բաբայանը:
Արցախի նախագահի նամակին թեև Ռուսաստանից չեն արձագանքել, բայց Դավիթ Բաբայանը քայլեր ակնկալում է. - «Տեսեք, արձագանք կարող է չլինել պաշտոնական, ասենք նախագահի աշխատակազմից կամ նույն Ռուսաստանի նախագահից` հաշվի առնելով, որ Արցախը չճանաչված պետություն է, բայց մենք սպասում ենք քայլերի»:
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նամակին արձագանքել են հազարավորները՝ քննադատել, ողջունել, Ռուսաստանից աջակցություն խնդրելու քայլը ուշացած համարել։ Քննադատողները չեն պատկերացնում պատերազմի ծավալներն ու Արցախին, Հայաստանին սպառնացող վտանգը, ասում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։ Արևմտամետ ուժի ղեկավարը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը համարում է պահի օրհասական լինելու վկայություն. - «Արցախի նախագահի նամակն, ըստ էության, ավելի շատ ոչ թե դիվանագիտական դիմում է, այլ դիմում է Արցախում բնակվող ժողովրդի ներկայացուցչի կողմից, և այս առումով ես կարծում եմ, որ նամակի բուն էությունը, և որ կա նման նամակ, խոսում է այն մասին, թե ինչ բարդ իրավիճակում է գտնվում այսօր Արցախը: Ես կարծում եմ, որ եթե այդ նամակը կօգնի այս աղետը կանգնեցնել, ուրեմն կարող է նաև նման նամակ լինել»:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանն օրինական հիմքեր ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու։ Ըստ Մարուքյանի՝ հաստատված փաստ է, որ Ադրբեջանի կողմից այս պատերազմում ներգրավված են ահաբեկիչներ, իսկ ահաբեկիչները վտանգ են տարածաշրջանի կայունությանը. - «Հիշեք Նարիշկինի հայտարարությունը, ԱԳՆ-ի հայտարարությունը ռուսական, և միջազգային բոլոր խաղացողները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նույնպես ճանաչել են Ռուսաստանի դերակատարումն այս գործում: Եվ այս առումով Ռուսաստանն ունի նման հնարավորություն և նաև իրավական հիմքերը նման քայլ կատարելու»:
Ռազմական դրության սահմանափակումներից ելնելով` Էդմոն Մարուքյանը խուսափեց կարծիք հայտնել այն մասին, թե ինչու հայկական կողմը Ռուսաստանից աջակցություն խնդրեց պատերազմի չորրորդ շաբաթվա մեջ և ոչ թե ավելի վաղ։ Հարցին հստակ արձագանքեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. - «Նրանք, ովքեր հերոսական պաթոսի մեջ չէին և տիրապետում էին իրական տեղեկատվությանը, կարծում եմ` նրանք ինձ հետ կհամաձայնեն, որ այս նամակը կարող էր և ավելի վաղ գրվել»:
Օրեր առաջ բանտից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու կոչ էր արել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Հասկանալի է, որ այսօր մեր կռիվը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ է: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները` որպես տարածաշրջանում անվտանգության կարևորագույն գործոնի»,-գրել էր Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ-ական Զոհրաբյանի խոսքով՝ կրակի տակ գտնվող Արցախի ղեկավարի նամակը քննադատում են երկրում հակառուսական տրամադրություն հրահրողները և իրավիճակը չպատկերացնողները. - «Այո, ուզենք-չուզենք, դա մեզ դուր գալիս է, թե դուր չի գալիս, որ այսօր այս իրավիճակում միակ կայունացնող դերը կարող է խաղալ Ռուսաստանը: Սա է իրականությունը»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը ցույց է տալիս, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն ստիպված են հաշվի նստել ռեալ իրականության հետ։