Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան հատված: Արցախի նախագահը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնում է, որ տեղում քննարկել են այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: «Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում», - գրում է Հարությունյանը:
Արցախի պաշտպանության բանակն այսօր հրապարակեց ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 11 զինվորների անուններ, հայկական կողմը պատերազմի 29 օրերի ընթացքում արդեն հաղորդել է 971 զոհերի մասին։ Ադրբեջանը մինչ օրս իր զոհերի մասին լռում է։
Անցած գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն լարված իրադրություն, իսկ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, փոխանցում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։ Հաղորդվում է, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Երեկ երեկոյան էլ փոխանցվել էր, որ ադրբեջանական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։
Սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը երկու անգամ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել, ինչն, այդուհանդերձ, կյանքի չի կոչվել։ Չիրականացված հրադադարի թեմային ամերիկյան Fow news հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե իրենք պատրաստ են դադարեցնել կրակը՝ պայմանով, որ հայկական կողմերը զինված ուժերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի խնդրահարույց տարածքներից։ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե աբրեջանական կողմը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը։
Արձագանքելով Ալիևի հայտարարություններին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին` փոխզիջումների հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում. - «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին` հիմնվելով փոխզիջման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը թվում էր` նաև ընդունելի էր Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը շատ արագ դառնում է անընդունելի ադրբեջանական կողմի համար: Նա ասել է` այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես որ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին` մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է ուղղակի զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»:
Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց անցած մեկ ամսվա ընթացքում ծավալված ռազմական գործողությունների և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների քարտեզը։ Ըստ այդմ, հյուսիսում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Թալիշը, իսկ հարավում՝ Միջնավանից Կովսականով դեպի Հադրութ ձգվող հատվածը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր ներկայացնում քարտեզը. - «Կարմիրով նշված ամբողջ հատվածը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, թեկուզ ժամանականավոր, գտնվող տարածքներն են հարավում և հյուսիսում, և սա հյուսիսային հատվածն է: Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, որովհետև ինչպես նշել եմ, մարտական գործողությունները նախ օջախային են, երկրորդ` դրանք արագ փոփոխվում են, շատ տեղերում կարող է հայտնվել մի փոքր հետախուզա-դիվերսիոն խումբ կամ ինչ-որ գրոհիչ առանձին հրոսակախումբ զրահատեխնիկայով կամ փոքր, թեթև տեխնիկայով, որը կարողանա առաջ գնալ: Դա անմիջապես Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներկայացվի որպես հաղթանակ, հաջողություն, և հաջորդ օրը կամ մի քանի ժամ հետո հետ շպրտվի»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ցույց տալով ռազմական գործությունների քարտեզում Հադրութից դեպի հյուսիս՝ Դրախտիկ, Հակակու, Թաղուտ, Տող հատվածներում, պատմում էր, որ արդեն քանի օր է` ընթանում են ադրբեջանական դիվերսիոն խմբերին չեզոքացնելու աշխատանքներ։
«Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակվողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ձգտել էին հասնել Բերձոր և հետ էին մղվել այս ուղղություններից: Սրանք այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ, նախորդիվ օրերին էլ: Օջախային մարտեր հիմնականում: Սա այն մաքսիմում ուղենիշային բնագիծն էր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին դուրս գալ մինչև Հայաստանի Հանրապետության սահման, որտեղ այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները», - նշում էր Հովհաննիսյանը:
Ադրբեջանն իր հերթին այսօր հայտարարեց, որ հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի, Թերթերի և Աղջաբեդի շրջանների ուղղությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտեր են ծավալվում Կուբաթլուիի շրջանի ուղղությամբ, և իրենց հաջողվել է հայկական ուժերին հետ մղել նախնական դիրքեր։
Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաղորդեց, որ ավելի վաղ Արցախի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում տվյալներ են ձեռք բերել Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` դեռևս օգոստոսի սկզբին Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: «Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա», - փոխանցում են դատախազությունից։
«Սեպտեմբերի կեսից էլ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում՝ բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։