Մատչելիության հղումներ

Հայկական կողմի պնդմամբ՝ ՊԲ ստորաբաժանումները կանխում են ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունները


Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հակամարտության գոտում զոհված ևս 36 զինվորականների անուններ, հայկական կողմն արդեն հայտնել է 960 զոհի մասին։ Ադրբեջանական կողմն իր կորուստները դեռ չի ներկայացրել՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք է»։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը երեկոյան հաղորդագրություն տարածեց՝ գերատեսչությունն ընդգծում է՝ «Ադրբեջանից հնչող կրակի դադարեցման խոստումների վերաբերյալ հայտարարությունները միաժամանակ ուղեկցվում են զինված ագրեսիայի շարունակությամբ»։ Ղարաբաղի արտգործնախարարությունը սա արատավոր շրջան է որակում, որը կարող է ճեղքվել Արցախի անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ արբեջանական կողմը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը։

Արցախի ԱԳՆ-ն ուշագրավ է համարում այն, որ երեկ մայրաքաղաք Ստեփանակերտի ողղությամբ հրթիռային հարվածներ են հասցվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարների հետ հրադադար հաստատելու նպատակով առանձին հանդիպումներից հետո։ Լեռնային Ղարաբաղի գերատեսչության պնդմամբ` Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում հակամարտության գոտում հրադադար հաստատելու միջազգային միջնորդների ջանքերը։

Մինչ կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտելու համար, հակամարտության գոտում մարտերը շարունակվում են. հերթական գիշերը լարված է եղել, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մարտերն ու փոխհրաձգությունները։ Առավոտյան էլ Պաշտպանության բանակը հայտնեց՝ տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում։

Հայկական կողմի պնդմամբ՝ ՊԲ ստորաբաժանումները կանխում են ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը հսկողության տակ պահելով։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր հայկական ռազմական ինքնաթիռ է խոցվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր պնդել էր, թե ինքնաթիռը խոցվել է Ղուբաթլուի ուղղությամբ։

Բնակավայրեր թիրախավորելու Հայաստանից և Արցախից հնչող հայտարարությունների ֆոնին` Բաքուն իր հերթին պնդում է, որ հայկական ուժերն են հարվածներ հասցնում ադրբեջանական բնակավայրերին։

Երեկ ուշ երեկոյան ճեպազրույցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հոկտեմբերի 23-ին թիրախավորվել է նաև Բերձորը՝ Լաչինը. - «Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան: Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող, ինչպես երեկ արդեն հայտնել էինք, Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ: Շատ ենք ստանում այդ հարցը` արդյոք քարտեզով կարելի է ներկայացնել, թե ոչ, խնդիրը քարտեզով ներկայացներլ-չներկայացնելու առաջնահերթ կայացել է նրանում, որ մարդկանց ընկալման մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, դրա համար քարտեզներն այդքան էլ լիովին չեն արտացոլում իրավիճակը, բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը»:

Հովհաննիսյանի խոսքով` վերջին օրերին հակամարտության գոտում կրակի խտությունը նվազել է. - «Թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ, ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չի կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը, բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում երբ որ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 37 քաղաքացիական անձ է զոհվել, 118 մարդ էլ վիրավորվել է։ Արդբեջանական կողմը նշում է առնվազն 64 քաղաքացիական անձանց մահվան և շուրջ 300 վիրավորների մասին։

XS
SM
MD
LG