Մատչելիության հղումներ

Հարությունյանը կոչ է արել Պուտինին գործադրել բոլոր ջանքերը` պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հարությունյանը կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Նամակի առաջնամասում նա գրել է, որ Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն, հիշեցրել պատմությունը, հիշեցրեց, որ ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին: Հարությունյանի խոսքով` Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր:

«Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ», - գրել է Արցախի նախագահը` շեշտելով, որ բարձր են գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում:

«Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»:

XS
SM
MD
LG