Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ սոցիալական հարթակներում որոշ հայտարարություններ են տեղադրվում, որոնցում «նկատելի է ադրբեջանական հետք»:
Տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, ո ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ:
Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ»:
Համաձայն հաղորդագրության, վերոնշյալ և նմանատիպ այլ հարթակներում պատվեր կատարող-ները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Այս հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս «ստացված նյութերը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով»:
ԱԱԾ-ն կոչ է անում «զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար»: