Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն արդեն երկրորդ օրն է` խաղաղ է


Ստեփանակերտն արդեն երկրորդ օրն է` խաղաղ է: Օրեր շարունակ հրթիռահրետակոծվող Արցախի մայրաքաղաք նոր եկողներին պատերազմի մասին սակավամարդ փողոցներն են հիշեցնում, սակայն ոչ բոլորն են ապաստարաններում:

«Մնացել եմ, իմ տունն այստեղ է, միտք չի եղել, որ ես գնամ, մանավանդ իմ տղան դիրքերում է, Երևանից քրոջս տղան եկել է, և նա էլ է դիրքերում, կամավոր է: Ո՞նց իրենց թողնեմ, գնամ: 20 օր է` չեմ տեսել իրենց, բայց դեռ հույս ունեմ, որ կխաղաղվի կգան, որ ես տանը լինեմ: Մեկը պիտի չէ՞ տանը լինի: Ես, ընկերուհիս ռուսաց լեզվի դասախոսներ ենք Արցախի պետական համալսարանում, բայց կամավորական աշխատանքներ ենք անում», - ասում է տեղացիներից մեկը:

«Ես չեմ գնացել առաջին օրվանից էլ, եկել եմ այստեղ կամավորության, չեմ էլ պատրաստվում գնալ, որովհետև իմ հայրենիքն է, եթե ես գնամ, այդ դեպքում 18 տարեկան երեխաներն ինչի՞ համար են կանգնում պոստում ու պահում են մեզ: Չեմ կարա գնամ», - նշում է մյուսը:

Մայրաքաղաքում կյանքը կանգնած չէ, կան բաց փռեր ու խանութներ: «Սկսած պատերազմական իրավիճակից խանութը մոտ 3-4 օր չի աշխատել` անվտանգության նկատառումներից ելնելով, հետագայում կրկին հասկանալով մեր խանութի բաց լինելու անհրաժեշտությունը մարդկանց հիմնական սննդամթերքի և հիգիենայի պարագաներով ապահովելու համար` անցել ենք աշխատանքի 8 ժամվա գրաֆիկով: Այս պահին էլ ինչքան փորձում ենք օրվա ընթացքում առավոտից մինչև երեկոյան` 7:30-8:00 կախված իրավիճակից աշխատում ենք, - պատմում է խանութի սեփականատերը, - մարդկանց շարժը շատ է, պատճառը հիմնականում, որ քաղաքում շատ բաց խանութներ չկան, իսկ հիմնական առևտուրն, իհարկե, հասկանում ենք, որ իրավիճակից ելնելով` կան հատուկենտ ապրանքներ, որոնք մեծաքանակ են վաճառվում»:

Մարդիկ ասում են` անհրաժեշտ ամեն ինչ, սննդի կարիք չկա, երբ օդային տագնապ չի լինում, սովորոկանի նման դուրս են գալիս. - «Ժողովրդի մեջ միշտ էլ տրամադրությունները եղել են բարձր մակարդակի այն իմաստով, որ մենք հաղթական ենք տրամադրված: Համոզված ենք, որ հաղթելու ենք»:

Փռերի աշխատողներն ասում են` աշխատում են, հացն ապահովում են:

XS
SM
MD
LG