Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակը չի դադարում


Պատերազմի արդեն 23-րդ օրը, չնայած կողմերի միջև ձեռքբերված հոկտեմբերի 10-ի և 17-ի պայմանավորվածություններին, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կրակը չի դադարում։

Հայկական կողմի հաղորդմամբ՝ գիշերը, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, իսկ առավոտյան Ադրբեջանը վերսկսվել է հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Ադրբեջանի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների։

Ավելի ուշ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, թե մարտերը հատկապես թեժ են հարավային հատվածում։

Այսօր պաշտպանության բանակը հրապարակեց ևս 19 զոհված զինծառայողի անուն։ Հայկական կողմը մինչ այս պահը հաղորդել է 728 զինծառայողի մահվան մասին, իսկ Ադրբեջանը օրեր շարունակ լռում է իր զինվորների կորստի մասին՝ պատճառաբանությամբ, թե «ռազմական գաղտնիք» է։

Ադրբեջանը կրակ է բացել նաև Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ադրբեջանական կողմը նաև Հայաստանի բնակավայրերն է թիրախավորում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ ադրբեջանական անօդաչուների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Լուրջ վնասբեր չկան։

Բաքուն էլ հերթական անգամ մեղադրանքի սլաքները հայկական կողմին է ուղղում, թե՝ հայերն են ադրբեջանական կողմի բնակավայրերը թիրախավորում։ Ադրբեջանական կողմից հայտատարեցին նաև, թե Հայաստանը հրթիռակոծել է Խիզի շրջանը, հրթիռների մասն էլ ընկել է ռազմավարական նշանակություն ունեցող նավթամուղից 250 մետր հեռավորության վրա։ Խիզի շրջանը Բաքվից հեռու է մոտ 100 կմ։ Ադրբեջանի հայտատարությունը Երևանում բացարձակ սուտ են որակում՝ հավելելով՝ ստերն անգամ մեկնաբանության կարիք չունեն։

Պաշտոնական Երևանից կոշտ են արձագանքում Բաքվի գործողություններին։ «Հայաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարությունը կրկին մեղադրում է ադրբեջանական կողմին արդեն երկրորդ անգամ հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար։ Երևանը միևնույն ժամանակ ևս մեկ անգամ շեշտում է՝ հայկական կողմը հավատարիմ է կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով։

«Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը», - ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն՝ Անկարայի հետ միասին ոչ միայն պատրաստ չեն բանակցությունների, այլև նման ցանկություն չունեն, համոզված է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Վերլուծաբանը Ադրբեջանական ու թուրքական կողմի պահվածքը արհամարհանք է համարում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նկատմամբ։ Կիրակոսյանը շեշտում է՝ Ադրբեջանը հրադրադարի պայմանավորվածության խախտմամբ ապտակ է հասցրել առաջին հերթին Մոսկվային․ - «Մենք տեսնում ենք, որ բանակցությունների հեռանկարը շատ մռայլ է, շատ բացասական և դրա համար մեղքի մեծ բաժինը պետք է ընկնի Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Թուրքիան, ի վերջո, պաշտոնապես դեռ ՆԱՏՕ-ի անդամ է, ենթադրաբար Միացյալ Նահանգների դաշնակիցն է: Այնուամենայնիվ, նա արհամարհում է և՛ ամերիկացիներին, և՛ ֆրանսիացիներին, և վիրավորում է Մոսկվային»:

Վերլուծաբանի խոսքով, ժամանակի հարց է միայն, թե երբ կվերսկսվեն բանակցությունները, սակայն Ադրբեջանը Թուրքիայի ազդեցությամբ որքան երկար հրաժարվի այդ գործընթացից, այնքան երկու դաշնակից երկրները դիվանագիտորեն ավելի կմեկուսանան:

Վերլուծաբանը Ադրբեջանի վարքը նաև այդ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով է պայմանավորում։ Ասում է՝ այս իրավիճակում Ալիևը խոցելի դիրքում է հայտնվել․ - «Ալիևն ավելի թույլ է՝ թե՛ ավելի շատ հաղթանակ չբերելու, թե՛ 10-ը տարի շուտ դա չանելու պատճառով։ Իմ կարծիքով, նա շատ թույլ դիրքում է: Բացի այդ, կարծում եմ, որ ադրբեջանական զինուժում շատերը դժգոհ են այն փաստից, որ նրանք կարող են հաջողության հասնել միայն Թուրքիայի աջակցությամբ: Այնտեղ դժգոհություն կա: Եվ կա նաև սիրիացի վարձկանների հանգամանքը: Դա շատ վտանգավոր է Ադրբեջանում կայունության համար: Մարտերը դադարելուց հետո ի՞նչ կլինի այս վարձկանների հետ: Այլ կերպ ասած, Ալիևի ռեժիմի խոցելիությունը նույնպես գործոն է: Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր ու անկայուն վիճակում է, քան Հայաստանը կամ Ղարաբաղը, որոնք իրականում շատ ավելի միասնական են»:

Այս իրավիճակում պաշտոնական Երևանը պետք է ավելի նորարար ակտիվ արտաքին քաղաքականություն վարի, կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հատկապես ավելի ամուր կոալիցիա կազմելով Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի հետ՝ Միջերկրական ծովի արևելքում թուրքական ագրեսիայի դեմ պայքարի հարցում։ Վերլուծաբանն ասում է, որ Հայաստանը նաև պետք օգտվի Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG