«Հրադադարի համար պետք է բացառել Թուրքիայի ներգրավվածությունը»
«Կոմերսանտի» հետ հարցազրույցում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «հայկական կողմի համար հաղթանակը՝ սեփական տունը պահպանելն է»: Նախագահի փոխանցմամբ, կա Ղարաբաղյան խնդիրը լուծելու միակ ուղին՝ դա Մինսկի գործընթացն է:
Հրադադար հաստատելու և վստահություն վերկանագնելու համար անհրաժեշւտ է բացառել Թուրքիայի ներգրավվածությունը:
Թուրքիան ցանկանում է հսկել Կասպից ծովի շրջանից և Աֆրիկայից դուրս եկող էներգետիկ հոսքերը, Թուրքիան ասում է, թե օգնում է Ադրբեջանին վերականգնել տարածքային ամբողջականությունը, դա ասում է երկիր, որը գրավել է Իրաքի, Սիրիայի, Կիպրոսի տարածքները, Հունաստանին պատկանող Միջերկրականի հատվածը:
Որքան երկար տևի պատերազմն, այնքան երկար կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում, իսկ դա կփոխի տարածաշրջանային աշխարհքաղաքականությունը, Թուրքիան այդպես կդառնա Ռուսաստանի հարևան, որի հետ կունենա ցամաքային սահման:
Ադրբեջանը պնդում է, թե պայքարում է Ղարաբաղն ազատագրելու համար, ղարաբաղցիներն այնտեղ հազարամյակներ են ապրել, ուրեմն ազատագրել այնտեղ հազարամյակներ ապրող մարդկանցի՞ց: Հայկական կողմի համար հաղթանակը՝ սեփական տունը պահպանելն է:
«Վաղուց է քննարկվում Հայաստանի կողմից Ղարտաբաղը ճանաչելու հնարավորությունը: Ի՞նչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ»․ պատասխանելով այդ հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե չճանաչումը վկայում է հարցը խաղաղ եղանակով կարգավորելու հայկական կոմղի դիրքորոշման մասին:
Դա նման է թունելի, եթե վերջում կա լույս՝ վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է սպասել, բայց եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների ճանապարհով, ապա, իհարկե, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
«Ղարաբաղում մարդիկ կռվում են իրենց տները պաշտպանելու համար, դրա համար էլ Ղարաբաղն առաջին պատերազմում հաղթել է, այդ պատճառով էլ նրանք սոսկ զինվորներ չեն, նրանք քիչ զենք ունեին, բայց հաղթեցին, կարծում եմ, Ղարաբաղն այս պատերազմում էլ այնուամենայնիվ կհաղթի, մարդիկ իրենց տներն են պաշտպանում», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Ռուսաստանը խաղացող է, որին Թուրքիան ստիիպում է բանակցել
«Սաբահն» օրերս գրել է, թե, չնայած Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին, Ռուսաստանը երկար ժամանակ լռություն է պահպանում:
«Մենք փորձում էինք հասկանալ այդ լռությունը, մենք գիտեինք, որ Մոսկվան ուզում է նեղը գցել Փաշինյանին, բայց չգիտեինք, թե ինչքան դա կտևի։ Կոնֆլիկտը 30 տարի սառցարանում է պահվել, և Ռուսաստանն այսօր էլ կարող է այն սառեցնել երկարատև հրադադարի միջոցով, Մոսկվան հանկարծ նորից սկսկում է հանդես գալ «ավագ եղբոր» դերում», - գրել է թուրքական պարբերականը:
«Սաբահի» համոզմամբ, Ռուսաստանը, ինչպես միշտ, փորձում է պաշտպանել Հայաստանին, բայց Ադրբեջանի հետ էլ պետք է ճիշտ վարվի:
«Ռուսաստանը պետք է դիտել ոչ թե որպես հզոր դերակատարի, ով ստանում է ուզածը, այլ խաղացողի, որը պետք է բանակցի։ Թուրքիայն ռուսներին դա պարտադրել է Սիրիայում, այդպես էլ Ադրբեջանը կարող է ուժեղի դիրքից խաղալ՝ առավել ևս այն ժամանակ, երբ Ռուսաստանի նման խաղացողներից գերլարում է պահանջվում», - գրել է «Սաբահը»՝ նշելով, որ Ռուսաստանը փորձում է իր օգտին լուծել բազում հարցեր՝ Բելառուսից մինչև Ղրղըզստան, Լիբիայից մինչև Սիրիա, և այդօրինակ բարդությունների թիվը հետզհետե ավելանում է:
«Ադրբեջանի նպատակն է հյուծել հայերին»
«Մահ և հուսահատություն Ղարաբաղի դաժան պատերազմի ռազմաճակատում» վերնագրի ներքո The New York Times-ը գրում է, որ խաղաղ բնակիչները երեք շաբաթ է թաքնվում են նկուղներում և ապաստարաններում: Երկնքում մահաբեր անօդաչուներն են:
Ամերիկյան ռազմածովային վերլուծությունների կենտրոնի փորձագետ Մայքլ Կոֆմանի համոզմամբ, Ադրբեջանի նպատակն է հնարավորինս հյուծել հայերին: «Սա հաղթանակի հստակ նպատակով լավ կազմակերպված ռազմական արշավ չէ», - ասել է վերլուծաբանը:
«Ղարաբաղն իր Թերմոպիլեի ճակատամարտն է մղում»
«Ինչու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կրակի վրա յուղ լցնում» վերնագրած հոդվածում քաղաքական մեկնաբան Իրակլի Չխեիձեն EurAsia Daily առցանց հանդեսում գրել է, թե այլևս փաստ է, որ, չնայած ուժային հսկայական առավելությանը, ադրբեջանական բանակի «բլիցկրիգը» չի հաջողվել:
Ղարաբաղի բնակիչներն իրենց Թերմոպիլեի ճակատամարտն են մղում՝ իրենց զինվորական ունակություններով և վարպետությամբ մարտական ունակություններով զարմացնելով ռազմական փորձագետներին: Պարզ է, որ այդ մարդիկ իրենց հողի, տների և ընտանիքների համար կռվելու են մինչև վերջ:
«Մոսկվայի լռությունն իջեցնում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում»
Արդիական Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ռուսաստանցի պատմաբան Օլեգ Այրապետովի համոզմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ղարաբաղում ռազմական օպերացիան սկսելու որոշումը Բաքուն ոչ թե ինքնուրույն է ընդունել, այլ ամենաբարձր մակարդակով խորհրդակցելով Անկարայի և գուցե նաև Ադրբեջանի թյուրքալեզու այլ գործընկերների հետ:
Հոկտեմբերի վերջին Բաքվում նախատեսված է Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովը, և Ադրբեջանը շատ կուզենար ներկայանալ որպես հաղթական բանակ ստեղծած պետություն ու ցույց տալ, թե որքան հզոր է թուրք-ադրբեջանական համատեղ միավորն ու որքան գրավիչ է ոչ թե «մեկ ժողովուրդ, երկու պետություն» բանաձևն, այլ «մեկ ժողովուրդ վեց պետություն» հեռանկարը:
«Հայերը դեմ են ռուս-թուրքական համագործակցությանը՝ ենթադրելով, որ այն վնասակար է Հայաստանի համար»․ պատասխանելով այդ հարցին, պատմաբանն ասում է, թե լավ կլիներ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան դառնային ռազմավարական դաշնակիցներ: Նրա համոզմամբ, ամեն մեկն ազդեցություն կգործեր իր «հաճախորդի» վրա:
«Ռուս-թուրքական երկխոսությունը Հայաստանին էլ օգուտ կտար, բայց Մոսկվայում գերագնահատել են այդ երկխոսության հնարավորությունները: Թուրքիան միանշանակ ձգտում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Մոսկվան մտորումների մեջ է և հստակ ազդակներ չի տալիս, իսկ այդ լռությունը կտրուկ իջեցնում է Ռուսաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում», - ասել է Արդիական Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի փորձագետը: