73-ամյա Մասիս Արզումանյանը միացել է կամավորների այն թիմին, որոնք անսարք UPS-ները՝ հոսանքի անխափան սնուցման սարքերը, վերապրոֆիլավորում են 12 վոլտ հոսանքից 220 վոլտ ստանալու համար և ուղարկում են Արցախ։
«Հեռուստատեսությամբ տեսա, որ Պռոշյան 12-ում կազմակերպում են, առավոտյան եկա։ Ես պատանի տարիքից ամենալավ մոնտաժնիկն եմ եղել էլեկտրոնային մեքենաների։ Ասի գնամ, մի բանով էլ ես օգնեմ», - ասաց Արզումանյանը։
«Մենք ինֆոմացիա ստացանք, որ նման սարքերի խնդիր կա, փոխարկիչների խնդիր կա, որ 12 վոլտը 220 վոլտի փոխարկեն, բայց էդ սարքերը գտնելու, գնելու պրոցեսը փոխարինեցինք հետևյալ մեթոդով, որովհետև սա ավելի արագ ու մատչելի էր», - Ազատության» հետ զրույցում պատմեց նախաձեռնության անդամ Ավագ Սիմոնյանը։ - «Նման սարքերի ուղղությամբ էլ ենք այս պահին իհարկե աշխատում։ Բայց, քանի որ անհրաժեշտ քանակությունը շատ մեծ է, երկու ուղղությամբ էլ գործ ենք անում։ Նախաձեռնությունը մեկնարկելու պահից ի վեր այստեղ աժիոտաժ ա․ ամեն օր մեծ քանակի UPS սարքերից ենք ստանում, մեծ քանակի կամավորներ ունենք, որոնք տարբեր տեղերից, տարբեր ընկերություններից կամավորագրվել են, որոնք եկել են իրենց ցանկությամբ, իրենք գործիքներով օգնում, աջակցում են, որպեսզի էդ գործը առաջ գնա»։
Պռոշյան 12-ը վերջին օրերին վերածվել է UPS-ների ձևափոխման հարթակի: Այստեղ մարդկանց հոսքը չի դադարում, յուրաքանչյուրը անսարք կամ սարքին հոսանքի անխափան սնուցման սարքեր են բերում։
Կարեն Դերձյանը նախաձեռնող խմբի անդամ է։ Նա «Ազատությանն» ասաց, որ շուրջ 1500 սարք արդեն իսկ պատրաստել և ուղարկել են Արցախ։ Այնտեղ մեքենայի մարտկոցի 12 վոլտ հոսանքը հենց այդ սարքերով վերածում են 220 վոլտի։
Այստեղ հավաքվում են հիմնականում մասնագիտությամբ ինժեներները։ Նրանք համացանցի կամ հեռտուստատեսության միջոցով տեղեկացել են նախաձեռնության մասին և առանց երկմտելու միացել։ Եվ կամավորների թիվն օր-օրի ավելանում է։
«Ֆեյսբուքով տեսա, ոգևորվեցի, որ կա այսպիսի նախաձեռնություն, որը համապատասխանում է իմ ինժեներական կրթությանը, միանգամից եկա։ Շատ ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել մեր զինվորին, Արցախում բոլոր այն մարդկանց, ովքեր կարիք ունեն այսօր մեր սարքավորումների», - ասաց կամավորներից մեկը։