Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը հրադադարի համաձայնությունից հետո


Հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն են քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ժան Իվ Լը Դրիանը երեկ կայացած հեռախոսազրույցում:

Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Էմանյուել Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման գործում, արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

XS
SM
MD
LG