Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփն «Անադոլու» գործակալության հետ զրույցում ընդգծել է, որ «ոչ միայն Թուրքիան, այլև 83 մլն թուրք ժողովուրդը սատարում են Ադրբեջանին իր սրբազան պայքարում»:
Նրա համոզմամբ, «ակնհայտ դարձավ, որ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը լոկ խոսքեր չեն, այլ աշխարհում նմանը չունեցող դաշինք»:
«Մենք Ադրբեջանի կողքին ենք, քանի որ նրա պայքարն արդար է: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանից անջատ չի եղել: Ղարաբաղը Ադրբեջանի հողն է», - հայտարարել է Շենթոփը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը:
Կրկնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին հնչեցրած պնդումը, Շենթոփը ևս հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սպառազինում են Հայաստանին»:
«Այս երկրների ստանձնած պարտավորությունը հարցի արդարացի լուծումն է: Ահա սա է 30 տարի այն չլուծելու պատճառը: Քանի որ չեն ուզում լուծել», - ասել է թուրքական խորհրդարանի նախագահը:
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: