Մատչելիության հղումներ

Լավրովը հուսով է՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը:

«Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», - այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թղթի վրա մնացած այդ համաձայնությունները ցույց են տալիս՝ որպեսզի կրակը դադարեցվի, անհրաժեշտ է հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծել։ «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։

«Կան մանրամասն, համապարփակ նախագծեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պատրաստել, քննարկել են կողմերի հետ։ Այդ փաստաթղթերը, կարծում եմ, ներառում են բոլոր հարցերի պատասխանները», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով. - «Մենք այժմ պետք է հորդորենք կողմերին համաձայնության գալ առանցքային դրույթների շուրջ, ինչը թույլ կտա կայունացնել իրավիճակը արդեն երկարատև կտրվածքով, բացել հեռահաղորդակցության ուղիները, տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել թե՛ Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, թե՛ այստեղ ընկած այլ տարածքների»։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ Լավրովը հայտարարել էր, որ սեղանին եղել և մնում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն՝ Ղարաբաղի շուրջ շրջանները պետք է «փուլային, քայլ առ քայլ ազատվեն՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ»։

XS
SM
MD
LG