Մատչելիության հղումներ

Բժիշկ Կարեն Պողոսյանը հայտնում է՝ հրադադարի ժամանակ ավելի շատ վիրավոր են ընդունել


Հրադադարից հետո անգամ Ստեփանակերտի հիվանդանոցները շարունակում են վիրավորներ ընդունել, «Ազատության» հետ զրույցում ասաց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն, բժիշկ Կարեն Պողոսյանը, որ շատերի նման պատերազմը սկսելուն պես հավաքեց բժշկական ճամպրուկն ու մեկնեց Ստեփանակերտ։

«Հրադադարից հետո ոչինչ չփոխվեց վիրավորների քանակի հետ կապված, նույնիսկ հրադադար վրա ավելի շատ հոսք ունեցանք վիրավորների: Տարբերի վիրավորումներ են լինում՝ ականապայթյունային, բեկորային: Մաքսիմալ տղաները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխվում են Երևան: Բոլորի մոտ շատ բարձր հոգեբանական պատրաստվածություն է, անկախ վնասվածքից, տղաների առաջին հարցը՝ «ե՞րբ կարող ենք վերադառնալ մեր մարտական կետեր և օգնել մեր ընկերներին», - ասաց Պողոսյանը:

Ամիսներ շարունակ Covid-19-ի դեմ կռիվ տվող բժիշկը հիմա էլ գիշերները լուսացնում է վիրավոր զինվորների կողքին։ Աշխատանքը 24 ժամ է, բայց, ասում է՝ հոգնել չկա։ «Պայմանները ինչքան էլ ծանր լինեն և ինչքան էլ դժվար աշխատանքի համար, շատ ավելի տանելի և թեթև են, քան մեր զինվորների, սպաների պայմանները: Ռմբակոծություններին շատ արագ սովորում են մարդիկ, առաջին 1-2 օրն են շատ անհանգստանում, հետո դա սովորական աշխատանքային ռեժիմ է դառնում», - նշեց Կարեն Պողոսյանը:

Վտանգավոր է, բայց պայթյունների ձայնին էլ են սովորել։ Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել էր բժիշկներից մեկը՝ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Ֆրանսիայից բժիշկների թիմը ժամանել է Հայաստան՝ Արցախում վիրավորվածներին բուժելու համար

Հայաստանցի բժիշկներին միանում է նաև ֆրանսիացիների խումբը, որը երեկ ուշ երեկոյան ժամանեց Հայաստան։ Մի քանիսը կմնան Երևանում, մյուսները կմեկնեն Գորիսի հիվանդանոց, հետո էլ Արցախ։

«Եկել ենք փորձենք օգնել մեր գործընկերներին, պատկերացնելով այդ մեծ ծավալն աշխատանքի, որ այս դժվարին պահին բաժին է հասել իրենց», - ասաց սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:

Լևոն Խաչատրյանն է հավաքել իր ծանոթ բժիշկներին, որոնք աշխատել են տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունեն։ Առայժմ վեց օրով են եկել, իրավիճակին կծանոթանան։ Բոլոր վտանգները գնահատել են՝ ռմբահարվող քաղաքում աշխատելու վախը կա, բայց վախից ավելի կարևոր բաներ կան:

«Իհարկե, լավ պատկերացնում ենք, մտահոգ ենք նաև դրա համար, բայց երբ որ մենք պատկերացնում ենք առաջնագծում մեր զինվորների քաջությունը, այլևս մտածելու բան չունենք», - նշեց Խաչատրյանը:

Ան Մարի Բերժեն ու Պիեր Ժիրարը վիրաբույժներ են, ֆրանսահայ Միքայել Չափարյանը՝ վիրաբույժ վնասվածքաբան, Պատրիկ Կնիպերը՝ ռեկունստրուկտիվ վիրաբույժ։ Վերջինիս մոտ դեռ թարմ են Գազայի գոտու պատերազմական հիշողությունները, սակայն եղբայրական Հայաստանին մենակ թողնել չէր լինի։ Լսել են՝ պատերազմում օգտագործվել են միջազգայնորեն արգելված զենքեր, աշխատանքի ծավալն արդեն պատկերացնում են։ Աշխարհաքաղաքական վերլուծություններ չեն անում, բժիշկը պետք է հիվանդի կողքին լինի՝ յուրաքանչյուր դեպքում, ասում էին բոլորը։

Բժիշկ Կնիպերն էլ, որ, ի դեպ, 15 տարի առաջ էր Հայաստանում, նուրբ ակնարկ արեց. «Ամեն ամեն անգամ հային բուժելիս, հայ վիրավորին օգնություն ցուցաբերելիս տպավորություն է, որ մի ամբողջ ազգի ես բուժում։ Մի մարդու դեմքով մի ամբողջ ազգ է ներկայանում»:

Ֆրանսիացի և ֆրանսահայ Բժիշկներն իրենց հետ բերել են անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Սա առաջին այցն է, բժիշկ Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում նորից կգան։

«Մեր հետ բերել ենք անհրաժեշտ պարագաներ, վերականգնողական փուլը կազմակերպելու համար նաև, այսինքն շաբաթներ անց պետք եկող նյութեր և պարագաներ կան: Նաև մտածել ենք կազմակերպել հետագայում նորից այց հենց այդ նպատակով՝ ավելի ուշ փուլերում վերականգնողական բժշկություն իրականացնելու համար այն զինվորներին, այն վիրավորներին, որոնք դրա կարիքն ունեն», - տեղեկացրեց սիրտ-անոթային վիրաբույժը:

Հայկական կողմի վիրավորների մասին առայժմ հստակ տվյալներ չկան, պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներն ասում են, որ թիվը փոխվում է։

XS
SM
MD
LG