Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ, քիչ առաջ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա օդային հարվածներն ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր են արվել:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է կապը այդ հարվածների հետ:
Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանի ներկայացմամբ, Արցախում կա 93 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում, 20 զոհ, չհաշված ՀՀ տարածքում 1 զոհը: Ըստ նրա` հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր ենթակառուցվածքներ: Այս տվյալները չեն ներառում երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները:
Ադրբեջանական կողմն իր հերթին այսօր առավոտյան հաղորդեց հայկական կողմից հրետակոծությունների մասին, մասնավորապես Բարդայի շրջանում ավերածությունների, ինչպես նաև տուժածների մասին: Ըստ նրանց` Ադրբեջանը մինչ այժմ ունի 31 քաղաքացիական զոհ, 154 վիրավոր, 133 քաղաքացիական օբյեկտ է վնասվել, 928 տներ:
Ինչ վերաբերում է Շուշիում վիրավորում ստացած լրագրողներին, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Խոսելով այսօր վարչապետ Փաշինյանի հայտարարած դեպքի մասին, երբ համածառայակիցների շրջանում ստահոդ տեղեկություններ էին տարածվել ՀՀ իշխանությունների մասին, Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմների ժամանակ հերոսությունների կողքին լինում են նաև դավաճանություններ. - «Կարևորը ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, թերությունները վեր հանել և առաջ գնալ»:
Հարցին, թե ճի՞շտ են ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմում հայ զինծառայող է գերի ընկել, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց` հստակ տեղեկություն չկա. - «Սակայն երեկ ասացի, որ ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում գերի ունենալու հավանականությունը շատ հաճախ բացառված չէ»:
Մեկ այլ հարցին, թե ինչպիսի հրթիռով են հարվածել Շուշիի եկեղեցուն, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում, բայց հիմնականում Արցախի քաղաքներին հարվածներ են հասցվում Սմերչից, Կասիռկայից, Պոլոնեզից, Լառ-160-ից: