Ընդ որում, Ադրբեջանի կողմից հասցված երկրորդ հարվածի ժամանակ տեղում լրագրողներ են եղել, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։ Ըստ Արցախի օմբուդսմենի, երեք լրագրող վիրավորվել է, նրանց թվում և ռուս լրագրող, ում վիճակը ծանր է։ Այս պահին նա վիրահատվում է։ Լրագրողների, այդ թվում վիրավորում ստացածների անունները դեռ հայտնի չեն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում․ - «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»։
Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 30 զինծառայողների անուն-ազգանունները։
Արդեն 12 օր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի զոհված զինծառայողների թիվն այսպիսով հասավ 350-ի։
Ադրբեջանը չի հրապարակում ռազմական կորուստները, հայտնում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:
«Ադրբեջանն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության», - հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ - «Ժամը 14 -ի սահմաններում Ադրբեջանը հարավային սահմանի երկու ուղղություններով գրոհ է ձեռնարկել, որը Պաշտպանության բանակը ստորաբաժանումները կասեցրել են, Ադրբեջանական զինուժին պատճառվել է կենդանի ուժի զգալի կորուստներ խոցվել է 9 միավոր զրահատեխնիկա»։
Հարավային ուղղությամբ Արդբեջանը հարձակումը սկսել է առավոտից, սակայն, ինչպես հայկական կողմն է հաղորդում, զոհեր տալով և տեխնիկայի կորուստով Ջեբրայիլի մատույցներում փախուստի է դիմել։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ոչնչացվել է Ադրբեջանի չորս միավոր Դ-30 հաուբից՝ անձնակազմով և զինամթերքով, Պաշտպանության բանակը թույլ չի տվել նրանց կրակային դիրքեր զբաղեցնել։
Հայկական կողմը այսօր հայտնել է նաև երկու ԱԹՍ խոցելու մասին։
Արցախի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտնել էր, որ մարտերն այսօր վերսկսվել են թե՛ հարավային, թե՛ հյուսիսային ուղղություններում, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը եղել է կայուն-լարված, հակամարտության առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային հարվածներ:
Պաշտոնական Բաքուն այսօր հայտնել է, որ հայկական կողմից «Գրադ» և «Սմերչ» է կիրառվում։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևի, «Գրադ» կայանքներից մեկը ադրբեջանցիները կարողացել են հրթիռով խոցել։
Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե հայկական ուժերը Ադրբեջանին հարվածում են բալիստիկ հրթիռներով, ինչի համար «պետք է պատասխանատվություն կրեն»։
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ շարունակվող ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով տարածում է ապատեղեկատվություն։