Ռուսաստանը բանակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կազմակերպելու համար: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք շարունակում ենք քննարկումները նշված ձևաչափով հանդիպում կազմակերպելու հարցով»,- ասել է խոսնակը` հավելելով, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և առկա հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա բանակցային գործընթաց վերսկսելու համար:
Ներկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում, սակայն Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը կարող է նպաստել զինված բախման դադարեցմանը, այսօր ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի գրաֆիկում նախատեսված չէ նաև հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ։
Երեկ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդեց, որ հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով՝ այցը պլանավորված էր նախքան պատերազմի վերսկսումը։ Հայաստանի արտգործնախարարությունը նաև հերքեց տեղեկությունը, թե այսօր Ժնևում սկսվում են բանակցություններ ղարաբաղյան խնդրի շուրջ, որոնք կշարունակվեն հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։
Հայաստանի արտգործնախարարը Ժնև չի մեկնել, և Ադրբեջանի արտգործնախարարն այսօր մենակ է հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ ձևաչափով կանցնեն բանակցությունները Մոսկվայում եկող շաբաթ, դեռ հայտնի չէ։ Այս պահին հայտնի է միայն, որ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին ղարաբաղյան խնդիրը քննարկելու է Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։
Պեսկովն այսօր նաև շեշտել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ շփման մեջ է Հայաստանի վարչապետի հետ, և որ այդ շփումը շարունակվելու է։
Հիշեցնենք, որ վերջին 12 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է զանգել 5 անգամ։
Պեսկովն այսօր ընդգծել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման համար ռուսական կողմն իրականացնում է շփումներ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն։
Ի դեպ, թեև ռուսաստանցի փորձագետներն արդեն շուրջ 10 օր է` դաշնային հեռուստաընկերությունների բոլոր քաղաքական թոք-շոուների եթերներում հայտարարում են, որ Թուրքիան անուղղակի կերպով ներգրավված է այս պատերազում, որը նաև սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և որ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ղարաբաղյան պատերազմին վերջ տալու համար Մոսկվային անհրաժեշտ է խոսել Անկարայի հետ, պատերազմը սկսվելուց ի վեր Ռուսաստանի նախագահը չի խոսել Թուրքիայի նախագահի հետ։
Պաշտոնական Մոսկվան նաև չի պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վստահելի միջնորդները Մոսկվան և Անկարան են։ Մոսկվան վերջին շրջանում ակտիվ զբաղվում է ղարաբաղյան հարցով, թեև իր քայլերի մասին միշտ չէ, որ հրապարակային ասում է, գրում են ռուսաստանցի մեկնաբանները։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ պատերազմը սկսվելուց ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրեջանի պաշտպանության նախարարների հետ առանձին խոսել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, Պուտինի ամենամտերիմ թիմակիցներից համարվող Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշված է միայն, որ Շոյգուն իր գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։
Ռուսաստանցի փորձագետները շարունակում են ուշադրությամբ հետևել ռազմական գործողություններին․ ռազմական հարցերով փորձագետ Օլեգ Ժելտոնոժկոն ՛՛Московский комсомолец՛՛ թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ - «Բաքվում շատ լավ հասկանում են, թե ինչ կլինի, եթե գործին միջամտի 102-րդ ռուսական ռազմաբազան։ Այդ պատճառով նրանք փորձում են ամեն ինչ այնպես անել, որ ոչ մի դեպքում չհրահրեն Ռուսաստանին։ Ադրբեջանին օգնում է ժամանակի գործոնը։ Նրանք հնարավորություն ունեն երկար և համառորեն «կծել» վիճելի տարածքների կտորներ։ Ի՞նչ անել Հայաստանին։ Պետք է ինչ-որ կերպ, նվազագույն կորուստներով, պահել գոյություն ունեցող սահմանները։ Եվ, իհարկե, հուսալ, որ ինչ-որ արտաքին քաղաքական ճնշում Ադրբեջանին կստիպի կանգ առնել»։
Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսեց ղարաբաղյան պատերազմի մասին՝ անվանելով այն ողբերգություն և շեշտեց, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտականությունները Երևանի նկատմամբ կատարել և կատարելու է։
Պուտինը նաև շեշտեց, որ ռազմական գործողություններն ընթանում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում։