Մատչելիության հղումներ

Պեսկով․ Պուտինը առայժմ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առայժմ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Եթե անհրաժեշտ լինի, ոչ մի կասկած չկա։ Նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ՝ Պեսկովն ասել է․ - «Նման հստակ ծրագրեր դեռ չկան, բայց խոսքը պատերազմի մասին է, և իրավիճակն այնտեղ արագ է զարգանում, ուստի դժվար է գուշակել»։

Քիչ առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Այսօր պատերազմի 9-րդ օրն է, Մոսկվան համարվում է ղարաբաղյան բանակցությունների հիմնական մոդերատորը, սակայն մինչև այսօր Պուտինը չի զրուցել ո՛չ Ալիևի, ո՛չ Էրդողանի հետ։ Փոխարենը ՌԴ նախագահը ղարաբաղյան խնդիրը այսօր քննարկել է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի նախագահի հետ։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Ռահմոնին զանգահարել էր վերջինիս ծննդյան օրվա առիթով։

Flight Radar 24-ը, որը հնարավորություն է տալիս հետևել օդանավերի շարժին ամբողջ աշխարհում, այսօր տեղեկություն է շրջանառել, որ Ռուսաստանից Երևան է ժամանել Իլ-96 ինքնաթիռը, որը սպասարկում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նախագահին և վարչապետին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անցկացվում են նախապատրաստական աշխատանքներ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստից մի քանի օր առաջ։ Այդ շրջանակներում լինում են նախապատրաստական խմբերի այցելություններ։ Հարցին, թե ինչ նախապատրաստական խմբերի մասին է խոսքը, խոսնակը պատասխանել է, թե դրանք մեծամասամբ լինում են արարողակարգային, անվտանգության հարցերով զբաղվում խմբեր։ Նաղդալյանը հավելել է, որ չնայած պատերազմին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Նա նշել է, որ նիստը կայանալու է նախատեսված օրը՝ հոկտեմբերի 9-ին։

Մինչ պաշտոնական Մոսկվան շարունակում է զգուշավոր, չեզոք հայտարարություններ անել, ռուսաստանյան հասարակությունը տարբեր հարթակներում արդեն մի քանի օր է ակտիվորեն քննարկում է ղարաբաղյան պատերազմը։ Իսկ ռուսաստանյան լրատվամիջոցները, այդ թվում դաշնային հեռուստաընկերությունները իրենց լրատվական և քաղաքական ծրագրերում լայնորեն անդրադառնում են թեմային։ Եվ առացքային հարցն այն չէ, թե ով է մեղավոր, ով է սկսել այս պատերազմը, այլ այն, թե ինչ պետք է անի Ռուսաստանը․ պահպանի՞ չեզոք դիրքորոշումը, թե՞ օգնի դաշնակից Հայաստանին։ Ընդ որում, բոլորը՝ և՛ քաղաքական գործիչները, և՛ քաղաքագետները շեշտում են Թուրքիայի ներգրավվածությունը։

Ռուսաստանյան լրատվամիջոցները նաև մեծ ուշադրությամբ հետևում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բոլոր հարցազրույցներին ու հայտարարություններին, հատկապես, եթե դրանք վերաբերում են Ռուսաստանի հետ հարաբերություններին կամ Ռուսաստանի հնարավոր միջամտությանը։

Այսպես, երեկ երեկոյան և այսօր ռուսաստանյան գործակալություններն ակտիվորեն տարածում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերմանական «Բիլդ» պարբերական տված հարցազրույցից մի հատված, որում Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը կկատարի երկու երկրների միջև ստորագրված բոլոր պայմանագրային պարտավորությունները։

Պատասխանելով Մոսկվայի կողմից հնարավոր օգնության մասին հարցին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ Գյումրիում տեղակայված է ռուսաստանյան ռազմաբազան, ինչպես նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։

«Այս համակարգի մասին պայմանագիրը շատ հստակ սահմանում է, թե որ դեպքերում այդ զինված ուժերը կարող են օգտագործվել նաև Հայաստանի անվտանգության համար։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները՝ եթե նման դեպքեր առաջանան», - նշել Հայաստանի վարչապետը։

Ըստ лента.ру-ի, Գյումրիի ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրում նշված է, որ Հայաստանի համար ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում դա կդիտարկվի որպես Ռուսաստանի համար արտաքին սպառնալիք։

XS
SM
MD
LG