Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պատասխանել է BBC-ի հարցերին: Թղթակից Ջոնա Ֆիշերին բացատրելով Ղարաբաղի խնդրի ամբողջ բարդ էությունը և տասն օր շարունակ ադրբեջանական զինուժի ծանրագույն հարվածներին դիմացող Արցախը պաշտպանելու հայ ժողովրդի առաքելությունը, վարչապետն ընդգծել է.- «Այո, Արցախը Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև այնտեղ 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»:
BBC TV. - Երբ այդպես եք խոսում, թվում է, որ փոխզիջման մեծ հնարավորություն չկա:
Նիկոլ Փաշինյան. - Ոչ: Մենք պատրաստ ենք կոմպրոմիսի:
BBC TV. - Ի՞նչ կոմպրոմիս է: Դուք պատրա՞ստ եք փոխզիջման, Արցախին հարող գրավյալ տարածքների մի մասը զիջելու և այդպես խնդիրը լուծելու գաղափարն ընդունելի՞ է:
Նիկոլ Փաշինյան .- Բանակցային ողջ գործընթացի պատմության ընթացքում այդ գաղափարները քննարկվել են: Այդ գաղափարները քննարկվել են 2013 թվականին, 2015 թվականին, դրանից առաջ: Այդ գաղափարները կյանքի չեն կոչվել մի պարզ պատճառով. Ադրբեջանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
BBC TV. - Այսօր գործող միջազգային օրենքներով, Հայաստանն ավելի քան 25 տարի շարունակ ապօրինի բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները: Այդ են ապացուցում նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը:
Նիկոլ Փաշինյան. - Չկա այդպիսի բան: Ի՞նչ է դա նշանակում:
BBC TV. - Վերցրեք միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Ասամբլեայի բանաձևերը:
Նիկոլ Փաշինյան. - Տեսեք, էլի բոլորը և շատերը, ցավոք սրտի, մեջբերում են, հիշատակում են...
BBC TV. - Այն, ինչ ասում եք, պատմական պահանջ է, բայց միջազգային իրավունմքի տեսակետից դուք սխալ եք:
Նիկոլ Փաշինյան. - Կներեք, չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին Դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր: Ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան: Չկա այդպիսի բան: Ես նոր նկարագրում էի Ձեզ Լեռնային Ղարաբաղի...
BBC TV. - Այդ բանաձևում ասվում է, որ տարածքները պատկանում են Ադրբեջանին:
Նիկոլ Փաշինյան. - Որովհետև Դուք ասում եք՝ Ստեփանակերտից եք գալիս, որովհետև Դուք տեսել եք այսօր, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Գոյութենական վտանգի ներքո: Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
BBC TV. - Դուք չորս անգամ զրուցել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջին անգամ՝ նախօրեին: Եթե Հայաստանի տարածքը ենթարկվի հարձակման, Ռուսաստանը ձեզ ռազմական առումով կաջակցի՞:
Նիկոլ Փաշինյան. - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքին անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի:
BBC TV. - Պարզապես ճշտելու համար՝ անցած շաբաթվա ընթացքում Ձեզ հետ զրույցներում նախագահ Պուտինը վերահաստատե՞լ է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին այն դեպքումյ, եթե Հայաստանի տարածքը հարվածի ենթարկվի:
Նիկոլ Փաշինյան. - Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո:
BBC TV. - Ուրեմն, նա ասե՞լ է այդ մասին:
Նիկոլ Փաշինյան. - Այո: